Տրամաբանությամբ, փիլիսոփայական տեսանկյունից աշխարհի վերջը իրադարձություն չէ, այլ գործընթաց, որը ոչ մի պարագայում միանգամից հնարավոր չէ տեսնել, իսկ «աշխարհի վերջի» մասին խոսակցությունները գալիս են կրոնից, մարդկանց վախեցնելու ցանկությունից, ինչից մեծ հաջողությամբ օգտվում են աղանդավորները՝ մարդկանց իրենց «կապելու համար»: «Աշխարհի վերջից» ավելի շատ վախենում են միստիկ մտածողությամբ մարդիկ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 21-ին մայաների կանխագուշակած աշխարհի վերջի մասին լուրերին:
Ինչ վերաբերում է երևույթի նկատմամբ հայերի վերաբերմունքին, ապա նա նկատեց, որ մենք ավելի պրագմատիկ ազգ ենք, ռեալիստ, և ինքը խուճապ ու տագնապ չի նկատել հասարակության շրջանում:
Ըստ հոգեբանի՝ աշխարհի վերջի նկատմամբ վախն ավելի շատ պայմանավորված է նրանով, որ վերջին մի քանի տարում աշխարհում հզոր ֆիզիկական, քաղաքական ու սոցիալական տեղաշարժեր են տեղի ունենում: Որպես օրինակ հոգեբանը նշեց ԽՍՀՄ-ի փլուզումը, ինչից հետո ուժեղացավ միստիկ երևույթների նկատմամբ հետաքրքրությունը, կրկնապատկվեց մոգերի ու էքստրասենսների թիվը:
«Երբ մարդու մեջ տագնապն աճում է, ու նա բացատրություններ չի ունենում, տեղի է ունենում կոգնիտիվ դիսոնանս: Եթե մեկի մոտ տագնապ կա, բայց նա չգիտի՝ դա որտեղից է, նա պետք է հորինի թեման, որ բերի կոգնիտիվ բալանսի, այսինքն՝ ճանաչողական ներդաշնակություն ստեղծի»,- նկատեց նա՝ հավելելով, որ իսկապես աշխարհում տագնապի զգացողություն կա:
Աստղագետ, պայծառատես Լուսյա Հակոբյանն էլ իր հերթին պնդեց, որ աշխարհի վերջ չի լինելու, ու դրա մասին խոսակցություններն ընդամենը բիզնես են:
Նրա խոսքով՝ մեզանում աբսուրդն այնտեղ է հասել, որ իրենց զանգահարում են երեխաների ծնողներ ու ասում, թե ուսուցիչները իրենց երեխաներին հանձնարարել են մոմեր առնել՝ «աշխարհի վերջը» դիմավորելու համար, քանի որ 3 օր լույս չի լինելու: Հոգեբանը կատակով խորհուրդ տվեց ծնողներին իրենց մոտ ուղարկել: «Չի լինելու աշխարհի վերջ, քանի որ կա արև, իսկ արևն Աստծո գաղափարն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է «21» թվին, ապա վերջինս նկատեց, որ դա գիշերահավասարի օր է: «Մայաներն ամբողջ աշխարհին հաղթեցին իրենց տեղեկությամբ»,- խոսքը եզրափակեց աստղագետը:









































