ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերը գիշերը նոր հարվածների շարք են հասցրել Սիրիայում օբյեկտների ուղղությամբ: Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքի հաղորդմամբ՝ գրոհի են ենթարկվել Հալեպի արվարձաններում թիրախները:
Ըստ տեղեկության՝ ռազմական օդուժը ռմբակոծել է ծայրահեղականների հենակետերը Այն-էլ-Կուբանի, Սիրրին, Կարա-Կուզակ բնակավայրերում և Էլ-Բաբ քաղաքում, որոնք «Իսլամական պետության» գրոհայինների վերահսկողության տակ են: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
Հիշեցնենք. սեպտեմբերի 23-ի գիշերն ԱՄՆ ռազմաօդային ուժերն արաբական մի շարք երկրների աջակցությամբ Սիրիայի արևելքում և արևմուտքում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հասցրել են առաջին հրթիռա-ռումբային հարվածները: Գործողություններին մասնակցել են Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Բահրեյնի և Կատարի ռազմաօդային ուժերը:









































