Դեկտեմբերի 6-ին «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ներկայացուցիչները ստեղծել են «Հակակրիմինալ» հասարակական կազմակերպությունը՝ ինը հոգուց բաղկացած հակակոռուպցիոն խորհրդով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը՝ ներկայացնելով նոր նախաձեռնության նպատակներն ու առաջիկա անելիքները:
Բանախոսը նշեց, որ հասարակական կազմակերպությունում ստեղծվել են տարբեր աշխատանքային խմբեր՝ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական, սպորտային, որոնցում ընդգրկված են հանրապետության լավագույն մասնագետները:
Ըստ բանախոսի՝ ՀԿ-ի նպատակն է հայտնաբերել, ձևավորել ապօրինի գործողությունների, թալանի «սև ցուցակ»` թե երկրի ներսում, թե դրսում խոշորագույն հարստություններ կուտակած օլիգարխների:
«Երկրում ստեղծված իրավիճակը, ապօրինությունների արդյունքում հարստություն կուտակած մարդիկ վտանգում են ազգային անվտանգությունը, այդ պատճառով ստանձնել ենք այս բարդ գործը, պատասխանատվության ենք կանչելու բոլոր օլիգարխներին: Մենք այդպիսի փորձ ցանկանում էինք կատարել Հոկտեմբերի 27-ից տասն օր առաջ` Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ, սակայն Հոկտեմբերի 27-ը թույլ չտվեց այդ գործընթացն ավարտել»,- ասաց Գառնիկ Մարգարյանը:
Նա նշեց, որ գյուղական բոլոր համայնքներում կառույցներ ունենալու նպատակ ունեն, որպեսզի տեղեկանան, թե ինչ է կատարվում: Նրա խոսքով` չեն ակնկալում ներկայիս իշխանությունների աջակցությունը, ակնկալում են միջազգային կազմակերպությունների աջակցությունը, որն արդեն ստանում են: Գառնիկ Մարգարյանը չբացառեց, որ ՀԿ-ի կազմած սև ցուցակը գլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ցանկանում ենք կալանք դնել Ռոբերտ Քոչարյանի` ՀՀ-ում և արտասահմանում թալանված գումարների և հարստության վրա: Պետք է հասնենք նաև նրան, որ արգելվի նրա ելումուտը արտերկիր»,- ասաց Գառնիկ Մարգարյանը:









































