ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հաստատել է, որ Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակման հետաքննության արդյունքների հրապարակումից հետո հրաժարական է տվել դիվանագիտական անվտանգության հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունը, աշխատանքից ժամանակավորապես հեռացվել են նաև գերատեսչության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ:
ԶԼՄ-երի տվյալներով՝ իրենց պաշտոններից հեռացել են դիվանագիտական անվտանգության հարցերով պետքարտուղարի տեղակալ Էրիկ Բոսուելը, դեսպանատների անվտանգության հարցերով պետքարտուղարի օգնականի տեղակալ Շարլին Լեմբը և Մերձավոր Արևելքի գործերով Բյուրոյի աշխատակիցներից մեկը:
Նուլանդը հաստատել է, որ Բոսուելը լքել է պաշտոնը և հայտարարել է, որ ժամանակավորապես իրենց պարտականություններից ազատվել են ևս երեք աշխատակից, սակայն չի հայտնել նրանց անունները:
Հինգշաբթի Սենատում տեղի են ունենալու լսումներ, որում պետդեպարտամենտի ղեկավարությունը հաշվետվություն է ներկայացնելու խորհրդարանականներին իր գործողությունների մասին մինչև Բենղազիում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա հարձակումը և դրանից հետո: Լսումներն ընթանալու են փակ ռեժիմով, զեկույցի հիմնական մասը նույնպես գաղտնի է պահվում:












































