Գեղեցկության «Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող է դարձել ամերիկուհի Օլիվիա Կալպոն՝«Միսս ԱՄՆ» տիտղոսակիրը: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է դեկտեմբերի 19-ին Լաս Վեգասում: Այս մասին հայտնում է France-Presse-ը:
Ավանդույթի համաձայն՝ հաղթողը թագը ստանում է նախորդ տարվա մրցանակակրից: 2011-ին «Միսս Տիեզերք» տիտղոսը նվաճել էր Անգոլայի ներկայացուցիչ Լեյլա Լոպեսը:
Գեղեցկության մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆիլիպինները ներկայացնող Ժանին Տուգոնոնը: Երրորդ տեղում Իրեն Սոֆյա Էսսեր Կվինտերոն է Վենեսուելայից:
Կալպոն դարձել է այս մրցույթում 1997 թվականից հետո հաղթած ԱՄՆ առաջին ներկայացուցիչը: Այն ժամանակ թագադրվել էր ամերիկուհի Բրուկ Լին:
Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել են 89 աղջիկներ տարբեր երկրներից: Կանոնների համաձայն՝ մրցույթի մասնակիցները չպետք է ամուսացած լինեն և երեխաներ ունենան: Նրանք չեն կարող լինել 18 տարեկանից ցածր և 27-ից բարձր տարիքի:








































