Բացի այն, որ Սամվել Ալեքսանյանը գնողունակության նվազման պատճառով վերջերս կրճատել է «Սիթի» և «Կայզեր» սուպերմարկետների ցանցի աշխատակիցներին, նաև պատեհ-անպատեհ առիթ է փնտրում աշխատակիցներին տուգանելու համար։
Աշխատանքային պայմանագրի կետերից մեկի համաձայն էլ` տուգանվում են այն աշխատակցուհիները, ովքեր շպարված չեն ներկայանում աշխատանքի։ Ստացվում է, որ նրանք, ովքեր կոսմետիկայից, ասենք, ալերգիա ունեն, ևս ստիպված են շպարվել։
Աշխատակցուհիներից մի քանիսը, որոնք հասկանալի պատճառով չցանկացան ներկայանալ, դժգոհեցին, որ առավոտ կանուխ քնաթաթախ հազիվ շտապում են աշխատանքի և հաճախ չեն հասցնում շպարվել։ Արդյունքում` կա՛մ ուշացման համար են տուգանվում, կա՛մ չշպարվելու։
Իսկ վերջում «նեղլիկ» աշխատավարձից մի կլորիկ գումար պակասում է զուտ այն պատճառով, որ Սամվել Ալեքսանյանի աչքը շոյված լինի, կամ էլ Սամվել Ալեքսանյանը ցանկանում է իր սիրունիկ աշխատակցուհիների հաշվին գնողունակությունը ավելացնել` չմտածելով, որ շատ հաճախ գեղեցիկ արտաքինը կարող է շեղել սպառողներին։