ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես մեղավոր է ճանաչվել Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսի մահվան մեջ: Գործը քննող հանձնաժողովը զեկույց է հրապարակել: Դրան հետևել են մի քանի հրաժարականներ:
Հրաժարականներ են ներկայացրել Հիլարի Քլինթոնի դիվանագիտական անվտանգության հարցերով տեղակալ Էրիկ Բոսուելը և դեսպանությունների պաշտպանության հարցերով պետքարտուղարի 2-րդ տեղակալ Շարլին Լեմբը, ինչպես նաև 3-րդ աշխատակիցը, ում անունը հրապարակված չէ: Զեկույցում նշվում է, որ հենց այդ ստորաբաժանումների ոչ լիաչժեք աշխատանքի արդյունքն է Բենգազիում կատարվածը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-ին լիբիացի զինվորականները հարձակվել էին ԱՄՆ դեսպանատան վրա։ Սպանվել էին դեսպանն ու դիվանագիտական անձնակազմի 3 աշխատակիցներ: CNN-ը հրապարակել էր դիվանագետի օրացույցից գրառումներ, որտեղ նա ասում էր, որ պաշտպանությունն ուժեղացնելու իր բոլոր խնդրանքները Պետքարտուղարությունն անարձագանք է թողել:









































