Իրանի զինված ուժերը տարածաշրջանի երկրներին կաջակցեն ահաբեկչական խմբերի դեմ պայքարում: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին երկրի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է երկուշաբթի օրը՝ «Սուրբ պաշտպանության Շաբաթվա» սկզբի կապակցությամբ արարողության ժամանակ:
1980 թվականից ամեն տարի իրանա-իրաքյան պատերազմի սկսվելու օրը Իրանում սկսվում է «Սուրբ պաշտպանության Շաբաթը»:
«Մեր տարածաշրջանի գլխին ահաբեկչության սպառնալիքն է կախվել: Բայց Իրանը կայունության խարիսխ է Մերձավոր Արևելքում: Մենք հսկում ենք իսլամական արժեքների պահպանումը»,- ասել է Ռուհանին՝ խոստանալով, որ ահաբեկիչները կկրեն արժանի պատիժը:
««Պաշտպանության շաբաթը» դաս է մեզ և մեր թշնամիների համար: Իրանի ժողովուրդը թշնամիներին երբեք թույլ չի տա ազգին ծնկի բերել»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Իրանի ղեկավարությունը իր բոլոր ռեսուրսները կմոբիլիզացնի զինված ուժերի ամրապնդման համար: «Մենք հպարտ ենք մեր զինված ուժերով»,- ասել է Ռուհանին:










































