Կասպիական գագաթնաժողովը կանցկացվի սեպտեմբերի 29-ին Աստրախանում: Գագաթնաժողովին կմասնակցեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի նախագահները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Սեպտեմբերի 29-ին Աստրախանում կկայանա Կասպիական 4-րդ գագաթնաժողովը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռուհանին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլ Բերդիմուհամեդովը»,- ասվում է Կրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունում:
Նախագահի վարչակազմում նշել են, որ գագաթնաժողովին կքննարկվեն Կասպից ծովի ափամերձ երկրների փոխգործակցության առանցքային հարցերը, 2010 թվականին Բաքվի գագաթնաժողովում ընդունված որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև կնշվեն տարածաշրջանի պետությունների միջև համագործակցության առաջնահերթ ուղղությունները: Նախատեսվում է բազմակողմանի փաստաթղթերի ստորագրում:
ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի սահմանների սահմանազատման և նշագծման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Իգոր Բրատչիկովը Caspian Energy պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ ԱԳՆ-ում հույս ունեն, որ գագաթնաժողովից հետո Կասպից ծովի նոր իրավական կարգավիճակի մշակման՝ արդեն 18 տարի շարունակված գործընթացը անհրաժեշտ թափ կստանա:











































