Հնարավոր է՝ բժիշկները սկսեն ուռուցքային հիվանդություններով տառապողներին, բացի քիմիաթերապիայից, ֆիզիկական վարժությունների համալիր նշանակել: Համենայն դեպս, մկների վրա կատարված փորձը, որի մասին գիտնականները գրել են American Journal of Physiology ամսագրում, ցույց է տվել, որ ֆիզիկական ակտիվությունը բարելավում է մելանոմայի դեմ բուժման արդյունավետությունը:
Հետազոտությունը կատարելիս գիտնականները ցանկացել են պարզել՝ արդյոք ֆիզիկական ակտիվությունը կօգնի՞ դոքսոռուբիցինով բուժման ժամանակ պահպանել սրտի առողջությունը, քանի որ այն թունավոր է՝ ինչպես քիմիաթերապիայի ցանկացած դեղամիջոց:
Մկների 2 խումբ վարակել են մելանոմայով և սկսել բուժել դոքսոռուբիցինով: Մի խմբի կենդանիները, բացի դրանից, պարբերաբար սպորտով են զբաղվել՝ օրական 45 րոպե վազել են մկների վազքուղով:
Սպորտը սիրտը չի փրկել վնասվելուց, բայց մարզված մկների դեպքում ուռուցքները 2 շաբաթ հետո զգալիորեն փոքրացել են, քան չմարզվածների դեպքում, որոնց նույն կերպ են բուժել:
Գիտնականները ենթադրում են, որ հնարավոր է՝ ֆիզիկական ակտիվությունն ուժեղացնում է արյան շրջանառությունը, ինչը նպաստում է ուռուցքի մեջ դեղի ավելի լավ հայտնվելուն:










































