Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ դատարանի դահլիճից ազատ են արձակվել Մատաղիսի գործով մեղադրյալները: Դատարանը նրանց անմեղ է ճանաչել: Այս առումով բոլորովին այլ կարծիք ունի ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը: «Մեր մեղադրանքը հիմնավորող ապացույցները բավարար էին: Ստանալով դատարանի վճիռը՝ կարծում եմ, նոր կարող ենք փաստել, թե ինչի հիման վրա է կայացվել այն: Համաձայն լինենք, թե ոչ, սա մրցակցային դատավարության էությունն է: Սա այն եզակի դեպքերից մեկն է, որ դատարանի որոշումն իր բնույթով ո՛չ պաշտպանության կողմի փաստարկն է ընդունում հիմնավորապես, ո՛չ մեղադրող կողմի: Վճիռը ստանալուց հետո կորոշենք և բողոքի վերաքննության և վճռաբեկության կարգով բողոքարկումը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդման եթերում ասել է զինդատախազը:
Նրա խոսքերով՝ դատարանի որոշման հիմք դարձավ այն, որ ապացույցները բավարար չեն, բայց դատախազությունը պնդում է, որ ապացույցներն ամբողջովին բավարար էին և հիմնավորում էին մեղքը: «Եթե մենք կարողանանք տեսնել, որ հիմքերը բավարար էին, բողոք չենք ներկայացնի և ձեռնամուխ կլինենք նոր նախաքննությանը, հակառակ պարագայում, երբ տեսնենք, որ կա այդ ռիսկը, և դատարանը անթույլատրելի և ոչ արժանահավատ ապացույցներ է ընդունել, կբողոքարկենք»,- ասել է Գագիկ Կոստանյանը՝ վստահեցնելով, որ տուժող կողմը կբողոքարկի վճիռը ցանկացած պարագայում:
Անդրադառնալով մեկ այլ աղմկահարույց՝ Արտակ Նազարյանի գործին, զինդատախազը նշել է, որ գործը դատաքննության փուլում է, իրենց փաստարկները իրականում հիմնավորված են. «Ներկա ապացուցողական բազայի շրջանակներում մենք պնդում ենք մեր մեղադրանքը: Տուժող կողմի պնդումը, թե սա սպանություն է, հերքում ենք»:
Զինդատախազը նշել է, թե բանակում սպանությունների և մահվան միջադեպերի նահանջ կա՝ նախորդ տարիների համեմատությամբ: «2010 թ. միայն սպանությունների դեպքերը 17-ն էին, 2011-ին՝ 2-ը: Այս տարի ևս կա, 2 սպանություն և տարեվերջին կներկայացնեմ վիճակագրությունը հանցավորության վիճակի վերաբերյալ: Կարող եմ փաստել, որ այս մի քանի տարիների ընթացքում քայլեր կատարվեցին պատճառների վերացման ուղղությամբ, քանի որ յուրաքանչյուր դեպք ունի օրինաչափ դարձած պատճառներ: Եվրոպական դատարան դիմումների դինամիկան կայուն նվազման է գնում, եթե 2005-ին ունեինք 15 բողոք խոշտանգումների վերաբերյալ, այս տարվա դրությամբ ունենք 3-ը: Կարող է դիմումների քանակը շատ է, բայց կառավարությանը ծանուցվածները քիչ են»,- ասել է զինդատախազն ու հավելել, որ իրենց համար առավել ընդունելի է, որ երկու մեղավոր մնան ազատության մեջ, քան մեկ անմեղը՝ ազատազրկվի:







































