ՀԱԿ համակարգող, պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման շուրջ առաջացած աղմուկը գալիք նախագահական ընտրություններին ընդառաջ` որևէ կերպ չի անդրադառնա երկու կուսակցությունների վարկանիշի վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նա չբացառեց, որ այդ ձայնագրությունը կարող է ժամանակ առ ժամանակ շահարկվել, սակայն պետք է նաև հասկանալ, որ սա սև PR-ի ձևերից մեկն է:
«Ընդհանուր առմամբ ոչ Օսկանյանը, ոչ Զուրաբյանը այն ֆիգուրները չեն, որոնց շուրջ աղմուկն անդրադառնա կուսակցությունների վարկանիշի վրա: Սա ՀԱԿ համակարգողի և ԲՀԿ ոչ պաշտոնական ներկայացուցչի միջև խոսակցություն է, որից որևէ նոր բան չի բացահայտվում: Եթե նման խոսակցություն լիներ կուսակցությունների լուրջ դեմքերի միջև, միգուցե լրջորեն ազդեր կուսակցությունների վարկանիշի վրա»,- նշեց սոցիոլոգը:
Նրա կարծիքով` երկու քաղաքական գործիչների խոսակցության մեջ արտակարգ ինչ-որ տեղեկություն չկար: «Բոլորս էլ գիտենք, որ ՀԱԿ-ի վերին շեմը 10% է: Ինքն էլ է ասում, որ գոնե 10%-ը պոկեն, էլի բան է: Գիտենք ՀԱԿ-ի մարտավարությունը՝ նախագահական ընտրությունների առաջին փուլում մասնակցեն բոլոր թեկնածուները, թող լինի երկրորդ փուլ, որի ժամանակ կփորձեն տապալել ռեժիմը»,- նկատեց սոցիոլոգը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում հայտնվեց ՀԱԿ համակարգող, պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի ձայնագրությունը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության, ինչպես նաև ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Հրանտ Բագրատյանի՝ ԲՀԿ-ի վերաբերյալ կարծիքների մասին:









































