ՀՀԿ խոսնակ Շարմազանովը այսօր հայտարարել է, որ եթե ընդդիմությունն առաջադրվի նախագահական ընտրություններում, ապա կստանա ձայների 7-10 տոկոսը: Շարմազանովը կարծես թե փորձում է գծագրել Սերժ Սարգսյանի ապագա տոկոսները՝ մոտ 90 տոկոս, թեև միգուցե դա աճուրդային շեմն է, և հնարավոր է հետագա սակարկությունների ընթացքում Սերժ Սարգսյանը մինչև 70 իջնի:
Սակայն ընդդիմության հեռանկարի հարցն ինքնին հետաքրքրական է և լուրջ: Կասկած չկա, որ առաջադրվելու դեպքում իշխանությունը գրելու է այն, ինչ ծրագրել է, ու ինչպես խորհրդարանական ընտրություններին հասավ իր գրածին, այդպես էլ նախագահականի ընթացքում է առաջ մղելու իր ստեղծագործությունը՝ հեղինակային իրավունքը պաշտպանելու է ամեն գնով: Եվ այստեղ հարց է ծագում` ինչպես է ընդդիմությունը պաշտպանելու իր իրավունքը, ինչպես է, այսպես ասած, վերահսկելու կեղծիքները:
Խորհրդարանական ընտրություններին ընդդիմությունը հայտարարում էր, որ «միասնական շտաբի» միջոցով մի այնպիսի վերահսկողություն են իրականացնելու, որի նմանը աշխարհում չի եղել: Վերջում պարզվեց, որ «միասնական շտաբն» ընդամենը համատեղ բլեֆի մի ծրագիր էր, որի հովանավորը Գագիկ Ծառուկյանն էր: Հիմա Ծառուկյանը չկա, համենայնդեպս` հայտարարել է, որ չի խաղալու նախագահական ընտրություններում: Սակայն սա, իհարկե, չի նշանակում, որ նա չի կարող ևս մեկ անգամ հովանավորել որևէ շտաբի գոյություն: Վերջիվերջո` Սերժ Սարգսյանն, օրինակ, նրան կարող է խնդրել, որ ընդդիմությանը կրկին միավորի «միասնական» ինչ-որ շտաբում, որովհետև որքան մեծ է փչվում ընդդիմադիր փուչիկը, այնքան պայթյունն ավելի աղմկոտ և կտորներն ավելի փոքր են լինում: Սա է ընդդիմության գլխավոր խնդիրը, որ լուծում չի ստանում և ոչ մի համապետական ընտրությունից հետո: Եթե որևէ համապետական ընտրությունից հետո ընդդիմությունը կարողանա այս խնդիրը լուծել, ապա հաջորդ ընտրությունները արդեն կանցնեն ընդդիմության, ոչ թե իշխանության հրամանատարությամբ:
Ամենից մոտը 2008 թվականին էր, երբ ընդդիմությունը աննախադեպ տևականությամբ և կազմակերպվածությամբ բողոքի ալիք նախաձեռնեց, որը բախվեց իշխանության ուժին: Դրանից հետո ընդդիմության գործողությունները ոչ թե այդ աննախադեպ ալիքի տրամաբանական շարունակությունն էին, այլ նախկին փորձերի, նախկին համապետական ընտրությունների, ինչն էլ ի վերջո բերեց և ընդդիմադիր դաշտը կանգնեցրեց կոտրած տաշտակի առաջ:
Եթե չկան հետընտրական խնդրի լուծման նոր տարբերակներ կամ պատասխաններ, ընդդիմության մասնակցությունը որևէ ընտրության դառնում է ավելորդ և անիմաստ, ընդամենը ավելացնում է հասարակական հիասթափությունն ու դրանով նպաստում իշխանական համակարգին, որի ինքնավստահության մասին է խոսում ընտրությունից ընտրություն նվազող աճուրդային մեկնարկային գինը:











































