Վրացական «Կվելա Սիահլե» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն ներողություն է խնդրել նրա համար, որ նպաստել է ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քաղաքական կարիերայի աճին: Նա հայտարարել է, որ դրա համար ներողություն է խնդրում Վրաստանի ժողովրդից:
Նշվում է, որ Շևարդնաձեի նախագահության ժամանակ Սաակաշվիլին եղել է «Քաղաքացիների միություն» կուսակցության առաջնորդներից, պատգամավոր, արդարադատության նախարար: Շևարդնաձեն ընդգծել է, որ մշտապես որպես իր հետնորդ է տեսել վարչապետ Զուրաբ Ժվանիային, որը 2005 թվականին մահացել է, պաշտոնական վարկածով՝ գազի արտահոսքից.
«2003 թվականին «Վարդերի հեղափոխությունից» հետո իրադարձություններն այնպես զարգացան, որ նախագահ դարձավ Սաակաշվիլին: Ես իմ ամենաարժան քայլը համարում եմ այն, որ իշխանությունը զիջեցի՝ առանց նախագահական աթոռի համար վրաց ժողովրդի արյունը թափելու:
Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը չունի հեռանկար, նրանց գործն ավարտված է: Ներկայումս գլխավորն այն է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր գործը ճիշտ անի և թույլ չտա լուրջ սխալներ»:









































