ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Իրաքում իրավիճակի հարցով նիստում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իրանին վստահեցրել է, որ նրա համար դեր կգտնվի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
««Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիան ստեղծվում է ոչ միայն զուտ ռազմական նպատակներով, դրանում մասնակցությունը կարող է լինել տարբեր ոլորտներում, և Իրանը կարող է դրա մաս դառնալ: Կարևոր առաջադրանք կա՝ մերկացնել կրոնական շարժման մասին առասպելը, որի դիմակի տակ իրականում գործում է ծայրահեղական ռազմականացված պաշտամունք»,- հայտարարել է Անվտանգության խորհրդում նախագահող Քերին:
ԱՄՆ Պետդեպը հայտնել է, որ իր ներկայացուցիչներն Իրանի միջուկային ծրագրի հարցով բանակցությունների ընթացքում իրանցի դիվանագետների հետ քննարկել են իրավիճակն «Իսլամական պետության» շուրջ:
Մինչև հիմա երկու երկրները կտրականապես հերքում էին «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի և Իրանի համատեղ ռազմական գործողությունների հնարավորությունը:








































