Լեհաստանի վարչապետ նշանակված սեյմի խոսնակ Եվա Կոպաչը հրապարակել է երկրի նոր կառավարության կազմը: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ Կոպաչը նախարարների անունները հայտարարել է մամլո ասուլիսի ժամանակ:
Նոր կառավարության ձևավորում պահանջվել է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկի պաշտոնաթողությունից հետո, որը նշանակվել է Եվրոպական խորհրդի նախագահ և դեկտեմբեի 1-ին կանցնի իր նոր պարտականություններին:
«Ամենասկզբից ես ուզում էի ուժեղ կառավարություն ստեղծել: Ես ընտրել եմ մարդկանց, որոնք լավ գիտեն, որ իրենց ամենօրյա աշխատանքը լեհերին ծառայելն է: Սա ուժեղ անհատների կառավարություն է՝ պատրաստ կատարելու իրենց առջև դրված խնդիրները»,- ասել է Կոպաչը:
Կոպաչը կառավարությունում իրենց պաշտոններին է թողել Տուսկի թիմի շատ անդամների: Մասնավորապես, պաշտպանական գերատեսչությունը նախկինի պես կղեկավարի Տոմաշ Սեմյոնակը, որը նաև փոխվարչապետ է դարձել, պետական գանձարանի նախարարը նախկինի պես կլինի Վլոդզիմեժ Կարպինսկին, շրջակա միջավայրինը՝ Մաչեյ Գրաբովսկին, ֆինանսներինը՝ Մատեուշ Շուրեկը, կրթությանը՝ Յոաննա Կլուզիկ-Ռոստովսկին, գիտության և բարձրագույն կրթությանը՝ Լենա Կոլարսկի-Բոբինսկին, առողջապահությանը՝ Բարտոշ Արլուկովիչը, սպորտինը՝ Անջեյ Բերնատը:
Իրենց պաշտոններում կմնան նաև փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յանուշ Պեխոչինսկին, աշխատանքի և սոցիալական քաղաղաքականության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը, գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման նախարար Մարեկ Սավիցկին:
ԱԳՆ նոր ղեկավար է նշանակվել Գժեգոժ Սխետինան: Երկրի նոր ՆԳՆ ղեկավարը կլինի Տերեսա Պետրովսկայան, արդարադատության նախարարը՝ Ցեզարի Գրաբարչիկը, վարչակազմի և թվային տեխնոլոգիաների նախարարը՝ Անջեյ Խալիցկին: Նախարարների կաբինետի քարտուղարը կլինի Յացեկ Չիխոցկին:









































