Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հույս ունի մոտ ժամանակներս հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա հայտնել է լրագրողներին՝ մեկնաբանելով անցած շաբաթվա վերջին Ժնևում կայացած Ռուսաստանի և Վրաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը:
«Նման ծրագիր դեռ չի քննարկվում, սակայն ես հույս ունեմ, որ դա անպայման տեղի կունենա»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ առաջին կարևոր փաստը Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորմանը միտված հատուկ ներկայացուցիչների հանդիպումն է:
«Կարևորը, որ գործընթացը սկսվել է: Հաջորդ հանդիպման կոնկրետ ժամկետը դեռ հայտնի չէ, բայց կապը արդեն կա, և այն ամենաուշը կկայանա երկու ամսից»,- տեղեկացրել է Վրաստանի վարչապետը:
Նա նաև ընդգծել է, որ Վրաստանի նոր կառավարության բոլոր քայլերը կլինեն հետևողական և սկզբունքային, այդ թվում` նաև Ռուսաստանի հարցում: Նրա կարծիքով՝ հարաբերությունները աստիճանաբար պետք է վերականգնվեն:
Հիշեցնենք, որ Զ. Աբաշիձեն և Գ. Կարասինը անցած շաբաթվա վերջում հանդիպել են Ժնևում: Հետագայում կողմերը հանդիպելու են յուրաքանչյուր երկու-երեք ամիսը մեկ:
Նշենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008թ. օգոստոսից:










































