Ոստիկանները փնտրում են անհայտ անձին, ով կրակ է բացել ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի միջազգային օդանավակայանի մերձակայքում: Օդանավակայանի 4-րդ տերմինալը փակ է: Այս մասին գրում է Arizona Republic-ը:
Ինչպես հայտարարել է քաղաքային ոստիկանության ներկայացուցիչ Սթիվեն Մարթոսը՝ տերմինալը փակ կլինի մինչև որոնողական գործողությունների ավարտը: «Ոչ ոքի թույլ չի տրվի մուտք գործել՝ մինչև մենք չավարտենք»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ ոստիկանությունն արդեն ձերբակալել է մեկ կասկածյալի, ով ենթադրաբար կրակ է բացել Թեմփե քաղաքում, ևս մեկ կասկածյալ հետախուզման մեջ է: Փոխհրաձգության հետևանքով զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվում:
Օդանավակայանը շարունակում է չվերթներ ընդունել և ուղարկել այլ տերմինալներում:









































