«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի՝ կառավարություն տեղափոխվելուց հետո այստեղ այնպիսի փոխհարաբերություններ են հաստատվել, որ լրիվ համապատասխանում են կառավարությանը հարակից «Ֆիրդուսնոցի» բարքերին: Վարչապետը ենթակաների հետ խոսում է «դու»-ով, հրամայական տոնով, իսկ փոխնախարարներին ընդհանրապես համարում է 3-րդ սորտի մարդիկ: Տպավորությունն այնպիսի է, որ Աբրահամյանը կարծում է, թե ուժի, հզորության, խիստ ղեկավարի իմիջը տարրական կուլտուրայի բացակայությամբ է ձևավորվում:
Երեկ, կառավարության նիստի ժամանակ, երբ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալը ներկայացնում էր «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը, նշեց, որ մտադիր են 1 տոննա բեռի տեղափոխման համար սահմանել 10 հազար դրամ պետտուրք: Աբրահամյանը հետաքրքրվեց սահմանելու հիմքերով, մինչ Արթուր Առաքելյանը կավարտեր միտքը՝ ասելով, թե իր կարծիքով 10 հազար դրամն այնքան էլ շատ չէ, վերջինը ընդհատեց նրան՝ «քո կարծիքը կարևոր չէ»: Իհարկե, եթե ներկայացնողը Գագիկ Բեգլարյանը լիներ, նման արտահայտություն չէր հնչի: Անցած նիստին ևս Արթուր Առաքելյանն Աբրահամյանի թիրախում էր: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին Հովիկ Աբրահամյանը դիմում է «Պավլիկ»-ով և բղավելով:
Կառավարության երեկվա նիստում քաղաքաշինության նախարարը ներկայացրեց, որ վերակառուցման կամ հիմնանորոգման ենթակա կրթական հաստատություններից 13-ի աշխատանքները հարկավոր է հետաձգել մինչև 2016-2017 թվականները, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն էլ հետաձգման ու դպրոցաշինության հետ կապված աղաղակող փաստեր հրապարակեց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում









































