«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը սպառնալիք է մարդկության համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Իսլամական մշակույթի և իսլամական կանոնադրության տեսանկյունից անմեղ մարդու սպանությունը հավասարվում է ամբողջ մարդկության սպանության հետ: Եվ, հետևաբար, անմեղ մարդկանց գլխատումը և սպանությունը առաջ է բերում ամբողջ մարդկության անհանգստությունը և տխրությունը»,- հայտարարել է Ռուհանին ՝ մեկնաբանելով ԱՄՆ քաղաքացիներ Ջեյմս Ֆոուլիի և Սթիվեն Սոթլոֆֆի, ինչպես նաև բրիտանացի Դևիդ Հեյնսի սպանությունները:
Իրանի նախագահը հավաստիացրել է, որ Իրանը Իրաքին կտրամադրի ցանկացած օգնություն «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարում, և ընդգծել է, որ «այդ արաբական երկրում մուսուլմանների համար սրբազան վայրերը պետք է պաշպանվեն»:
«Երբ մենք ասում ենք «կարմիր գիծ», նշանակում է մենք թույլ չենք տա ահաբեկիչներին գրավել Բաղդադը և Քերբելա ու Նեջաֆ քաղաքների շիական սրբավայրերը»,- ասել է նա:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ ահաբեկիչներին հարված հասցնելու որոշումը՝ Ռուհանին ընդգծել է, որ «որոշակի հանգամանքներում, հնարավոր է, անհրաժեշտ է ավիահարվածներ հասցնել», սակայն նման օդային հարվածները, ըստ նրա, պետք է իրականացվեն այդ երկրի կառավարության և ժողովրդի թույլտվությամբ:








































