ՄԱԿ-ը ստիպված կլինի հոկտեմբերին 40%-ով կրճատել մարդասիրական օգնության մատակարարումը Սիրիա՝ ֆինանսական միջոցների սղության պատճառով: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ղեկավար Ջոն Ջինգը:
«Հոկտեմբերին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը կկարողանա (Սիրիա) փոխադրել նախկինում փոխադրվածի միայն 60%-ը: Նոյեմբերին փոխադրումները կկրճատվեն մինչև 40%-ով: Պատճառն այն է, որ գումարներ այլևս չեն հատկացվում: Դրանք սարսափելի լուրեր են նրանց համար, ովքեր ամբողջովին կախված են մարդասիրական օգնությունից»,- հայտարարել է Ջինգը Սիրիայի մարդասիրական հարցերով ժնևյան հանդիպումից հետո:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի մթերային ծրագիրը 44 մլն դոլարի կարիք ունի Սիրիայում գործողություններ իրականացնելու համար: Եվս 56 մլն դոլար անհրաժեշտ է հարևան երկրներում մարդասիրական գործողությունների համար:









































