«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը:
–Առաջնությունից վերադառնալուց հետո բազմիցս անդրադարձել եք մանրամասներին՝ մրցակիցներին, գոտեմարտերին: Կխնդրեի երկու խոսքով ամփոփեիք Տաշքենդ-2014-ը:
–Այդ մասին բավական խոսվել է արդեն, միայն կշնորհավորեմ մեր երկրպագուներին, հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր մեզ համար ցավել են, ուրախացել են, իմացել եմ՝ շատերը նաև արտասվել են: Անմոռանալի պահեր են եղել և ինձ, և հայ ժողովրդի համար, ինչի համար հպարտ եմ: Շատ հաճելի է, որ նման կերպ սիրում են սպորտը և գնահատում են մեր արած գործը: Հավաքականը գերազանց մարզավիճակում էր, հատկապես մեդալ նվաճողները: Կարող էինք նույնիսկ ավելին անել, քան այս երկու ոսկին, բայց, ցավոք, ինչ-ինչ պատճառներով՝ որոշ օբյեկտիվ, որոշ սուբյեկտիվ… Կարծում եմ, նման մեծ հաղթանակի պարագայում չպետք է մանրանալ պարտությունների վրա, և այսօր խոսենք դրականից:
–Լևոն Ջուլֆալակյանը՝ հավաքականի գլխավոր մարզիչն ու ձեր հայրը, առանցքային դեր ունի Ձեր կարիերայում: Ո՞րն է սահմանագիծը Լևոն Ջուլֆալակյան մարզչի և հոր միջև:
–Ես կասեի՝ ոչ միայն իմ մարզական կարիերայում, այլև սկսած 1999 թվականից հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում, որովհետև եթե ոչ ամբողջ աշխարհում, ապա Հայաստանում հաստատ կոնկրետ անձը շատ մեծ դերակատարություն ունի ցանկացած բնագավառում: Այստեղ մարզիչն իր մեջ պետք է ներառի բազմաթիվ այլ հատկանիշներ, չի կարող լինել դասական, կլասիկ ձևով վերցված, եվրոպական կամ արևմտյան տեսակի մարզիչ, որը միայն մարզում է: Նրա պայմանագրի մեջ մտնում է միայն սպորտային մարզումը և վերջ: Այստեղ նա շատ այլ գործեր է կատարում, ինչը, լինելով թե հավաքականի անդամ, թե նրա որդին, ես տեսնում եմ և զարմանում, թե որքան է մարդն իր գործը սիրում, որ չի հոգնում և որոշ պահերի չի հիասթավում, այլ մեծ ցանկությամբ ու ջիղով կատարում է այդ բոլորը:
Սահմանագիծը մեր պարագայում բավական բարդ է, որովհետև երբ Լևոն Ջուլֆալակյանը զբաղվում էր պրոֆեսիոնալ ըմբշամարտով, ես այն ժամանակ շատ փոքր էի, իսկ նա շատ էր բացակայում տնից, և ստացվում էր այնպես, որ ես շատ ավելի կապված էի մայրիկիս հետ: Իսկ հետո, երբ արդեն հասուն դարձա, մեծացա, այդ ժամանակ էլ նա արդեն հավաքականի մարզիչն էր, և ստացվեց այնպես, որ ես առաջին հերթին, կոպիտ ասած, նրան ընդունեցի որպես մարզիչ և հետո հայր: Կոպիտ է հնչում, բայց այդ մարզիչ լինելու հանգամանքը բավական լարվածություն էր մտցնում մեր հարաբերություններում, որ դու միշտ պետք է պատասխանատու լինես քո բոլոր քայլերի համար, հատկապես սպրոտային բնագավառում: Իսկ քանի որ կյանքս ուղղակիորեն կապված էր դրա հետ՝ ստացվում էր, որ միշտ լարվածություն և ռեժիմ հասկացողությունը կար: Դա էլ, կարծում եմ, հենց բերեց այս մեծ արդյունքներին, որ չեղան պահեր, երբ ես թուլանայի, անկախ այն բոլոր գայթակղություններից, որ եղել են իմ կողքին:
–Խոսեցինք մարզչի կարևոր դերակատության մասին, մարզիչ-մարզիկ –ենթակառուցվածք. համաձա՞յն եք, որ այս եռամիասնությունը ապահովում է արդյունք:
–Չէ, էլի բաներ կավելացնեի: Ենթակառուցվածք, նայած թե ինչ կվերցնեինք այդ ենթակառուցվածքի մեջ: Եթե վերցնենք մարզիկ-մարզիչ պլյուս ընդհանուր այդ ենթակառուցվածքը, այսինքն՝ մտցնեն մեջը ֆեդերացիան, նախարարությունը, օլիմպիական կոմիտեն, բժիշկը, մերսողը, որովհետև պետք է անպայման նշեմ, որ այստեղ մարզիչի թիկունքին մարդկանց հսկայական խումբ է կանգնած, որոնք օգնում են քեզ իրականացնել քո երազանքը: Եթե կարծում եք՝ ես եմ ու իմ մարզիչը, ապա մեծապես սխալվում եք: Եթե որևէ մեկը կարծի, որ մարզիչն ու մարզիկը կարող են հրաշքներ կատարել, ապա դա թերի մոտեցում կլինի, իրոք, մեծ խումբ է աշխատում: Եվ եթե այդ խմբի բոլոր օղակները գերազանց կատարում են իրենց աշխատանքը, արդյունքը լինում է գերազանց: Բայց այստեղ էլ առաջնայինը պատկանում է հենց մարզիչին և մարզիկին, կարևորը հենց այդ օղակներն են: Մյուսների որոշակի շեղման և խափանման դեպքում էլ այս երկուսի իդեալական աշխատանքի դեպքում հնարավոր է արդյունքի հասնել:
–Նման բարձր մակարդակում, որտեղ ելույթ եք ունենում, մարզիկները կարգով բավական մոտ են իրար, ու այս պարագայում հոգեբանական պատրաստավծությունը բավական առաջնային դեր է ստանում: Այս հարցում մեր մարզիչները կարծես գերազանց են աշխատում: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
–Շատ ճիշտ նշեցիք, գոնե իմ քաշային կարգում առնվազն 5-7 մարզիկ իրար հավասար են իրենց կարողություններով: Խնդիրն այն է, թե այդ պահին ով ինչ պատրաստվածություն ունի, ով ինչ մարզավիճակում է մոտեցել մրցումներին և ինչքանով է պատրաստ հոգեբանորեն, առողջական տեսակետից: Մարզիչները, բնականաբար, փորձում են ևս հոգեբանորեն օգնել, բայց սա երևի թե մեր հայկական ազգային սպորտաշխարհի թույլ կողմերից է, որ չունենք սպորտային հոգեբաններ: Ինչքան ուզում է մարզիչը հոգեբանորեն օգնի, բայց նա պրոֆեսիոնալ հոգեբան չէ: Եվ շատ դեպքերում չի կարող կարդալ քո հոգեբանական մտքերը: Իսկ հոգեբանի մեծությունը հենց այն է, որ, կախված քո վարվելակերպից, քո գործողություններից, հասկանա, կռահի, թե դու ինչ ես մտածում և ինչի կարիք ունես:
Ցավոք սրտի, չունենք մարզական հոգեբաններ, և կցանկանայի, որ հնարավորինս շուտ զարկ տրվեր նաև այդ մասնագիտության զարգացմանը Հայաստանում: Հատկապես սա մի երկիր է, որտեղ սպորտը լուրջ արմատներ ունի և զարգացած է: Այնպես որ, կարծում եմ, նրանց օգնությունը մեծ ազդակ կհանդիսանա: Իմ պարագայում աշխատում եմ ինքնուրույն հոգեբանական ազդեցություն ունենալ ինքս ինձ վրա տարբեր գրքերով, տարբեր հաղորդումներով:
–Մամլո ասուլիսի ժամանակ նշեցիք, որ հանգստությունը շատ կարևոր է, իսկ դա գալիս է փորձի հետ:
–Բնականաբար, փորձը ոչնչով չես փոխարինի: Կարող է ամեն ինչով պատրաստ լինես, բայց փորձով պարտվես: Ինձ մոտ եղել է նման բան, իրոք լավագույնն եմ եղել, բայց 19-20 տարեկան երիտասարդ, կրակը մեջդ, էմոցիաներդ շատ, և խանգարել է դա: Այնպես որ, փորձը շատ կարևոր ֆակտոր է:
–Կանոնակարգային փոփոխություններ տեղի ունեցան ըմբշամարտում, գոտեմարտը դարձավ ավելի դիտարժան, ինտենսիվ, և կարծես թե դրական տեղաշարժեր կան կողմնակալ մրցավարության վերացման կամ, ամեն դեպքում, նվազեցման ուղղությամբ: Համարո՞ւմ եք սա փոքրիկ հեղափոխություն ըմբշամարտում:
-Ես նույնիսկ մեծ հեղափոխություն կհամարեի, որովհետև ամեն ինչ փոխվեց: Եթե համեմատենք 2012 թ. հետ, ապա նույնիսկ ֆեդերացիայի անունն է փոխվել, ֆեդերացիայի նախագահը փոխվեց, բյուրոյի անդամները փոխվեցին, ինչը շատ կարևոր էր: Մաքրվեց այն կոռումպացված համակարգը: Ժամանակը ցույց է տալիս, որ արդարացված էր: Հովանավորները փոխվեցին, և մարզիկների համար ամենակարևորը՝ կանոնակարգը փոխվեց: Նախկին կանոնակարգով դու շատ սեղմ հնարավորություններ ունեիր, և շատ սեղմված էիր քո գոտեմարտի մեջ: 0:0 հաշվով կարող էիր պարտվել, վիճակն էր ամեն ինչ որոշում: Հաջողության գործոնը հասցվել էր մաքսիմումի:
–Անդրադառնանք Դորտմունդին. նշեցիք, որ ունեք 8 գոտեմարտի պայմանագիր: Կխնդրեի մանրամասնել թիմի մասին, գոտեմարտերի, մրցակիցների: Նշեցիք նաև, որ Գերմանիայի հետ հասցրել եք կապվել:
–Դորտմունդում երկու ամիս առաջ Գրան պրին հաղթեցինք, հաղթեցի Գերմանիայի բավական հզոր Ադասի մրցաշարում, իսկ Գերմանիայի Բունդեսլիգայում 2009 թվականից արդեն հանդես եմ գալիս, լավագույն ցուցանիշներից մեկն ունեմ, եթե ոչ լավագույնը։ Ընդամենը մեկ գոտեմարտ եմ պարտվել, այն էլ՝ հիվանդության պատճառով: Տաքությամբ Օլիմպիական խաղերց հետո չկարողացա մասնակցել, խնդրեցին, դուրս եկա գորգ, բայց պետք է չանեի: Ինչևէ, 30-ից ավելի գոտեմարտ, հաղթանակ տարբեր քաշային կարգերում՝ և իմ քաշային կարգում, և մեկ քաշային կարգ բարձր՝ Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի մրցանակակիրն էր, բոլորին հաղթել եմ: Իրոք, շատ սիրում, հագում են և գնահատում են իմ արած գործը: Ես էլ, բնականաբար, չեմ կարող այդ հարգանքը չփոխադարձել: Եվ իրոք, այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կարծես երկրորդ հայրենիք դարձած լինի: Գերմանիայից երկրպագուների մեծ բանակ էր եկել: Բոլորը ինֆորմացված, տեղեկացված, թե ինչպիսի մարզավիճակում եմ, ինչ ակնկալիքով եմ գալիս: Շատ ջերմ, շատ հաճելի մթնոլորտ է, երբ տեսնում ես, որ չնայած այլազգի ես, այնպես են քեզ սիրում և հարգում, կարծես տարբերություն չդնեն: Բնականաբար, երբեմն-երբեմն զգացվում է, որ դու գերմանացի չես, բնականաբար կա, բայց իմ պարագայում հասցվել է նվազագույնի, որովհետև ես շատ ջերմ, ընկերական հարաբերությունների մեջ եմ իմ ակումբի ղեկավարության հետ: Նրանք հյուր են եկել ինձ մոտ՝ Երևան: Հայաստանով մեկ ճանապարհորդել ենք:
–Իսկ այդ թոհուբոհում ժամանակ մնո՞ւմ է կապ հաստատելու Արթուր Աբրահամի, Հենրիկ Մխիթարյանի հետ, ովքեր նույնպես Գերմանիայում են:
–Չէ, ցավոք սրտի, ոչ: Արթուրը Բեռլինում է, ես՝ Շտուտգարտ Իրարից շատ հեռու ենք, մոտ 600 կմ: Հենրիխի հետ էլ չի ստացվել: Ես, ճիշտն ասած, ֆուտբոլի այնքան էլ մեծ երկրպագու չեմ, և նույնիսկ առիթ չի եղել նույնիսկ մեկ խաղ դիտեմ, չնայած 5 տարի է՝ Գերմանիայում եմ: Բայց այս տարի կաշխատեմ բացթողումս լրացնել, որովհետև լինել Գերմանիայում և Մյունխենի արենայում գոնե մեկ խաղ չնայել՝ մեծ բացթողում կլինի, այնպես որ, այս տարի պարտադիր բացը կլրացնեմ: Զուտ մեր լարված գրաֆիկի պատճառով, որովհետև մարզիկի գրաֆիկը շատ ծանրաբեռնված է, և այնպես չէ, որ ես ազատ պառկած եմ, ու երբ զանգի Արթուրը կամ Հենրիխը, մենք կարող ենք հանդիպել, ես գնամ այնտեղ, նրանք գան ինձ մոտ: Հուսանք, որ առիթ կլինի, և ներկա կգտնվենք ես նրանց սպորտաձևերին, նրանք՝ իմ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում








































