ԱՄԷ-ի Դուբայ քաղաքի ղեկավար շեյխ Մուհամմեդ բեն Ռաշեդ Ալ Մաքթումն առաջարկել է իրականացնել «Երջանկությունը Դուբայում» անվանումով ծրագիր՝ պարզելու համար, թե արդյոք քաղաքացիները երջանի՞կ են, և ի՞նչն է նրանց հատկապես դուր գալիս քաղաքում: Այս մասին գրում է էմիրաթական «Ալ-Բայան» թերթը:
Դուբայի իշխանությունները մտադիր են հատուկ էջեր բացել առավել տարածված սոցցանցերում, որտեղ ցանկացողները կկարողանան խոսել իրենց տպավորությունների մասին, նույնիսկ տեղադրել սիրելի ռեստորանների ու հանգստի վայրերի լուսանկարները, պատմել յուրահատուկ և օգտակար ծառայությունների մասին: Չի արգելվում տեղադրել նաև քննադատություններով, բողոքներով ու ցանկություններով հաղորդագրություններ:
Ակցիայից հետո քաղաքը ցանկանում է վերլուծել բնակիչների տրամադրություններն ու նախընտրությունները, պարգևատրել առավել մեծ թվով քաղաքացիների «երջանկացրած» ընկերություններին, նաև հնարավորության դեպքում՝ բարելավել ծառայությունների որակը կամ շտկել թերությունները՝ առավել «բարձրացնելու համար երջանկության աստիճանը»:









































