Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, իր աշխատանքն է սկսում Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա տեղի ժամանակով ժամը 15.00-ին (Երևանի ժամանակով՝ 23.00-ին): Աշխատանքի տարեկան ցիկլին մեկնարկ կտան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու ուգանդացի դիվանագետ Սեմ Կուտեսը, ով հունիսին ընտրվել էր Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի նախագահ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նոր նստաշրջանի աշխատանքի առավել կարևոր և հագեցած փուլը կսկսվի հաջորդ շաբաթ:
Սեպտեմբերի 23-ին կանցկացվի կլիմայի վերաբերյալ մեկօրյա գագաթնաժողով, որը գումարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից: Հաջորդ օրը կենտրոնակայանում կսկսվի ամենամյա ընդհանուր քաղաքական քննարկում, որին կմասնակցեն ՄԱԿ-ի բոլոր 193 անդամ երկրներն ու Պաղեստինը, որը 2012-ից դիտորդ պետության կարգավիճակ ունի: Հիմնականում պատվիրակությունները կներկայացվեն պետությունների, կառավարությունների ու ԱԳ նախարարների մակարդակով:
Գլխավոր միջոցառումը սպասվում է սեպտեմբերի 24-ին, երբ ԱԽ-ն Օբամայի նախագահությամբ կանցկացնի հանդիպում՝ միջազգային ահաբեկչության խնդրով: Քվեարկության կդրվի օտարերկրացի գրոհայինների ֆենոմենի դեմ պայքարին ուղղված բանաձևի նախագիծ: Սեպտեմբերի 30-ին ՄԱԿ ԱԽ-ն կքնննարկի մարդասիրական վիճակը Սիրիայում՝ լսելով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսի զեկույցը:






































