Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Թուրքիա են բերվել ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրամադրվող Patriot զենիթա-հրթիռային համալիրների մասերը: Բացի այդ, Թուրքիա է ժամանել այդ համակարգերը սպասարկող ամերիկյան անձնակազմը, որին տեղավորել են Ադանա նահանգում գտնվող «Ինջիրլիք» ավիաբազայում:
Թուրքիա են ժամանել նաև գերմանացի 60 զինծառայողներ, որոնք երեկ մնացել են «Ինջիրլիքում», իսկ այսօր առավոտյան մեկնել են Քահրամանմարաշ, ուր տեղակայվելու են Գերմանիայի տրամադրած Patriot համակարգերը: Ակնկալվում է, որ Patriot համակարգերը Թուրքիայի տարածքում կտեղակայվեն 2013 թվականի առաջին օրերին: Թուրքիան դրանց ստացման հարցով ՆԱՏՕ-ին դիմել էր նոյեմբերի 21-ին:
Դեկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ն դրական պատասխան էր տվել, և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երեք երկրներից՝ ԱՄՆ, Գերմանիա և Նիդերլանդներ, ստանալու է Patriot զենիթա-հրթիռային երկուական համալիրներ, որոնց կսպասարկեն այդ երեք երկրները ներկայացնող շուրջ հազար զինծառայողներ:









































