Սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Բասկերի Երկրի Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանում հանդիպում է ունեցել քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրե Օրտելանոյի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ստեփանակերտի և Դոնոստիայի միջև բարեկամական և գործնական փոխշահավետ հարաբերությունների հաստատման և զարգացման հեռանկարների շուրջ։
Հանդիպման արդյունքներով Ստեփանակերտ և Դոնոստիա քաղաքների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր։
Համաձայնագրում նշվում է, որ կողմերը հիմնվելով հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա իրականացնելու են փորձի փոխանակում և համագործակցություն տարբեր բնագավառներում։
Ըստ Համաձայնագրի` երկու քաղաքները և նրանց համապատասխան կառույցները պարբերաբար շփումներ են ունենալու՝ քննարկելու համագործակցության խնդիրները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։











































