Բարաք Օբաման լավագույն պահը չի ընտրել Ռուսաստանի նկատմամբ թշնամանքի համար՝ գրում է Christian Science Monitor թերթը:
ՄԱԿ-ի գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու է ԻՊ ծայրահեղական խմբավորման գրոհայիններին հակազդելու հարցը, կկայանա երկու շաբաթից: CSM-ն համարում է, որ հակառուսական պատժամիջոցները «թաղում» են Վաշինգտոնի համար այդքան կարևոր հարցում Ռուսաստանի աջակցության բոլոր հեռանկարները:
Նյու Յորքի Կոլումբիական համալսարանի միջազգային հարաբերությունների և ազգային անվտանգության հարցերով պրոֆեսոր և ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչ Մայքլ Դոյլը կարծում է, որ Ռուսաստանը օգտագործելու է ցանկացած հնարավորություն ԱՄՆ-ի գործողությունները քննադատության ենթարկելու և նրան անելանելի դրության մեջ դնելու համար:
«Օտարերկրյա կառավարությունների, այդ թվում՝ Ռուսաստանում կան ընդհանուր հետաքրքրություններ միջազգային կարգուկանոնը խախտողների վերահսկման հարցում: Բայց վախենամ, երբ այդ հարցը քննարկվի Անվտանգության խորհրդի նիստում, մենք ականատես կլինենք բացասական հետևանքների ԱՄՆ-ի և Ռուսաստանի վատ հարաբերությունների պատճառով»,- նշել է նա:




































