Ինչպես տեղեկացրել էինք, Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելուց առաջ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ստորագրահավաք անցկացնել Սյունիքի մարզում՝ պարզելու համար, թե արդյոք սյունեցիների քանի՞ տոկոսն է կողմ նրա վերադարձին, և եթե նախկին մարզպետը հավաքի անհրաժեշտ քանակությամբ ստորագրություն և ցույց տա, որ ինքը դեռ ընդունված է մարզում, կստանա բաղձալի նշանակման հրամանը:
Երեկվանից սկսած՝ ամբողջ օրը գյուղապետերին, դպրոցի տնօրեններին, պետական գերատեսչությունների ղեկավարներին կանչել են ՀՀԿ Սյունիքի մարզային գրասենյակներ՝ ստորագրելու: Երեկ, ովքեր հասցրել են՝ ստորագրել են, սակայն լուրը տարածվելուց հետո որոշել են դադարեցնել գործընթացը:
Այսօր, սակայն, ընտրողների գրանցամատյանից հանել են Սյունիքի 50- 60 հազարընտրողի անուն-ազգանուն, գնել են չորս տուփ գրիչ, և այժմ ՀՀԿ մարզային գրասենյակում 5-6 հոգի նստած՝ ստորագրություն են կեղծում:
Առհասարակ Սուրեն Խաչատրյանի՝ մարզպետի պաշտոնին հնարավոր վերադարձի մասին լուրերը տրամադրության անկում են առաջացրել սյունեցիների մոտ:
Ըստ մեր աղբյուրների՝ Սուրեն Խաչատրյանը մարզում հայտարարել է, որ նախագահն ասել ստորագրահավաքի մասին, սակայն Սուրեն Խաչատրյանը և Սերժ Սարգսյանը երեկ չեն հանդիպել:
Մանկապարտեզի, դպրոցի տնօրենները նախագահի անունը լսում ենթե չէ՝ շտապում են ստորագրել, վախից կազմակերպում են ստորագրահավաք: Երեկ Սիսիանը պասիվ է եղել, քաղաքապետը արգելել է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներին մասնակցել: Ստորագրահավաքը մեծ թափ է ստանում Մեղրիում, Կապանում՝ թույլ է, Գորիսում ստիպված՝ վախից են մասնակցել, քանի որ Գորիսի ստորագրահավաքին մասնակցում է նախկին մարզպետի գերդաստանը:






































