Ոչ իշխանական քառյակի ուժերը՝ ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները, վերսկսել են իրենց հանդիպումների շարքը: Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ նրանց աշնանային երկրորդ հանդիպումը, որն այս անգամ անցկացվեց «Ժառանգություն» խմբակցությունում:
Հանդիպումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ քննարկել են երեք հարց: Նախ շարունակել են գնահատել իշխանություններին ներկայացրած իրենց 12 կետերի կատարման ընթացքը: Այս հարցում, բանախոսի խոսքերով, կարծիքները գրեթե համընկնում են: Քննարկել են, որ հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 17-ին պետք է որոշեն աշնանային այն հանրահավաքի օրը, որը խոստացել էին անցկացնել այդ պահանջները ներկայացնելու ժամանակ: Քննարկված երրորդ հարցն էլ այն է, որ որոշել են հանրահավաքին նախապատրաստական այցեր կազմակերպել մարզեր:
Բայց այս ամենից զատ` սահուն կերպով ոչ իշխանական քառյակի օրակարգում ամրապնդվել է սահմանադրական փոփոխությունների թեման: Գիտենք, որ իշխանությունները գարնանը նախաձեռնեցին գործող Սահմանադրությունը ևս մեկ անգամ փոփոխության ենթարկելու գործընթաց, և դրա համար Սերժ Սարգսյանի հրամանագրով ստեղծվեց մասնագիտական հանձնաժողով: Ավելի ուշ այդ հանձնաժողովը հանրությանը ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագիծը: Այդ նախագծի համաձայն` հանձնաժողովը, ավելի շուտ իշխանությունները ցանկանում են Հայաստանում ներդնել խորհրդարանական կառավարման համակարգ:
Ամենայն հավանականությամբ սահմանադրական այդ փոփոխություններով իշխանությունները ցանկանում են մեխանիզմներ ստեղծել նորից իշխանության մնալու համար: Այդ սցենարի ու սահմանադրական փոփոխությունների համաձայն` նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի ընտրությունների, այլ ԱԺ-ի կողմից: Նման պարագայում ՀՀ նախագահ կընտրվի այն թեկնածուն, ում ներկայացնող ուժը խորհրդարանում կլինի մեծամասնություն: Նույն մեծամասնությունն էլ կնշանակի վարչապետ, նույն ուժից կլինի նաև ԱԺ նախագահը: Կարծիք կա, որ խորհրդարանական կառավարման համակարգի դեպքում Ս. Սարգսյանն է ցանկանում դառնալ ԱԺ նախագահ, ու այդպես նա ՀՀԿ-ի հետ միասին ցանկանում է նորից իշխանության մնալ:
Իշխանությունների այս սցենարը, բնականաբար, մտահոգում է ոչ իշխանական ուժերին, ու նրանք այս ամիսներին անընդհատ քննադատել են սահմանադրական փոփոխությունների գաղափարը՝ ասելով, որ հիմա դրա ժամանակը չէ, թեև ժամանակին իրենք էին նախաձեռնել խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու հետ կապված կոնսուլտացիաներ: Ավելին` այդ ուժերը պատրաստվում են մարզեր այցելել ու բնակիչներին բացատրել, որ այդ փոփոխություններն այս պահին Հայաստանին անհրաժեշտ չեն, և որ դրանք նպաստելու են Ս. Սարգսյանի ու նրա ՀՀԿ-ի վերարտադրմանը: Բայց այդպիսով ոչ իշխանական այդ ուժերը կարծես թե ավելի թեժ են պահում սահմանադրական փոփոխությունների թեման: Ավելին` նրանք կարծես թե ընդունել են իշխանությունների նետած խայծը ու իրենց օրակարգի, քննարկումների, գործունեության մի զգալի մաս նվիրել են այդ թեմային:
Նման պարագայում արդեն դժվար է չմտածել, որ քառյակի օրակարգի այդ հատվածը թելադրել են իշխանությունները: Ավելին` իշխանությունները կարծես թե այդ թեման նետել են իրենց ընդդիմադիրների ճամբարը՝ նրանց հենց դրանով զբաղեցնելու և իրական պայքարից շեղելու համար: Ոչինչ, որ ոչ իշխանականները կարող են շատ արդյունավետ պայքարել այդ փոփոխությունների դեմ ու ի վերջո` տապալել դրա հանրաքվեն: Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը կներկայացվի մոտ մեկ ամսից, հետո մի քանի ամիս շարունակ այն քննարկման կդրվի հանրության, քաղաքական ուժերի մոտ: Հավանաբար մեկ տարի հետո էլ հանրաքվե կանցկացվի: Այդքան ժամանակ իշխանությունները կկարողանան այդ թեմայով զբաղեցնել ընդդիմությանը:
Իշխանությունները եթե կարողանան հանրաքվեով անցկացնել նոր Սահմանադրությունը, կիրագործեն վերարտադրվելու իրենց սցենարը: Բայց եթե չկարողանան անցկացնել, կամ ընդդիմությանը հաջողվի այն տապալել, հոգ չէ, իշխանությունները կարծես թե ոչինչ չեն կորցնի, և գործող համակարգով էլ կփորձեն վերարտադրվել: Չէ՞ որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե Հայաստանում ընդունվի խորհրդարանական կառավարման համակարգը, ինքը չի ցանկանա վարչապետ լինել: Բայց նա հո չի ասել, որ եթե մնա գործող համակարգը, ինքը նորից վարչապետ չի դառնա: Եվ եթե իշխանությունները չկարողանան անցկացնել իրենց նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, ապա Ս. Սարգսյանը կարող է լինել հաջորդ վարչապետը: Եթե, իհարկե, 2017թ. խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն կարողանա մեծամասնություն ունենալ:
Իսկ ոչ իշխանական քաղաքական դաշտին սպառնացող վտանգն այն է, որ իշխանություններն իրենց սահմանադրական փոփոխությունների թեմայով կկարողանան երկար ժամանակ զբաղեցնել այդ ուժերին՝ նրանց շեղելով ավելի արմատական պայքարից: Ռ. Հակոբյանը, սակայն, երեկ պատասխանելով մեր այդ հարցին, ասաց, թե սահմանադրական փոփոխությունների թեմայով միգուցե իշխանությունները ցանկանում են ոչ իշխանական ուժերին շեղել պայքարից, բայց իրենք դա հասկանում են:









































