«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը խիստ նկատողություն է ստացել կուսակցության կողմից: Պատճառն այն է, որ նա «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե «Քոչարյանն իր թիմով իր անելիքն արել, հեռացել է», իսկ «Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց էս երկիրը»: Պատգամավորի այս ձևակերպումները ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը որակել է իբրև «ոչ հավասարակշիռ»:
Անկեղծ ասած` կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի գործունեությանը տրված այս «ոչ հավասարակշիռ» գնահատականն ընդամենը մի քանի տարի առաջ կհամարվեր առավելագույնս հավասարակշիռ ` ի համեմատ այն գնահատականների, որոնք ԲՀԿ-ի անդամների կողմից տրվում էին առաջին նախագահի և նրա թիմի գործունեությանը: Բայց այստեղ դա չէ էականը, ի վերջո` Տեր-Պետրոսյանն էլ էր ժամանակին ԲՀԿ առաջնորդին դիմում հայտնի ձևակերպումներով, իսկ այսօր արդեն անձամբ է այցելում նրա գրասենյակ` կոնսուլտացիաների: Այստեղ էականն այն է, որ կուսակցության անդամին, Աժ պատգամավորին կարող են նկատողություն, այն էլ` խիստ, տալ իր կարծիքն արտահայտելու համար: Եվ սա այն դեպքում, երբ դրանից ընդամենը մեկ օր առաջ այդ կուսակցության ղեկավարը հավաստիացնում էր.«Մեր կուսակցության մեջ տիրում է խնդիրները քննարկելու ազատ մթնոլորտ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում







































