ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
Հրապարակային քաղաքական գործունեությունը տեղեկատվական դարաշրջանում ստանում է իր յուրահատկությունները: Տեղեկատվական միջոցները և՛ հնարավորություն են, և՛ մարտահրավեր:
Անձնականությունը (privacy) կտրուկ նվազել է:
«Ժպտացեք. Ձեզ հետևում են, կամ նկարահանում, կամ ձայնագրում են, կամ…» – արտահայտությունը ստանում է լրացուցիչ շոշափելի իմաստ:
Տեխնիկական միջոցները թույլ են տալիս յուրաքանչյուրին փորձել ներխուժել այլոց անձնական կյանք:
Դա այլևս հատուկ ծառայությունների մենաշնորհը չէ:
Դնում եմ մի կողմ այս երևույթի բարոյական գնահատականները, հատկապես քաղաքական գործիչների դեպքում: Արևմուտքում էլ բանավիճում են, թե որտեղ է թափանցիկ գործելաոճի և անձնականության նուրբ սահմանը:
Ի վերջո, անձնականության հնարավոր ոտնահարումները կարող են լինել պատկան մարմինների ուսումնասիրության տիրույթում:
Իհարկե, խոսքը այդքան չի գնում պապարացիական գործողությունների մասին, որոնց ընթացքում քաղաքական գործիչներին սկսում են «ինտենսիվ լուսաբանել» իրենց անհաջող շարժումների, ժեստերի, հագուստի և այլն համատեքստում:
Հարց եմ տալիս, օրինակ, արդյոք անձնականության խախտո՞ւմ չէ, երբ լրագրողը մեջքիդ հետևից նկարահանում է քո գործողությունները Այպադով կամ Այֆոնով: Արի ու տես, նման տեսա- կամ ֆոտո նյութերը բուռն քննարկումների առարկա են դառնում:
Շատ ավելի կարևոր է դառնում քաղաքական փարիսեության բացահայտման հարցը:
Լուրջ քաղաքական գործիչները պարտավոր են իրենց քաղաքական գնահատականների մեջ ՆՈՒՅՆԸ ԱՍԵԼ և ՄՏԱԾԵԼ` լինի դա հրապարակային, թե կամերային միջավայր, ազնիվ լինել հասարակության հետ, երկդիմի կեցվածք չորդեգրել, չդնել հասարակությանը երկարականջ չորքոտանիների տեղ:
Դուռդ փակ պահիր, դիմացինին էլ գող մի ասա…











































