Սմարթֆոնի համար նախատեսված հատուկ հավելվածի շնորհիվ ամերիկացի հոգեբանները ուսումնասիրել են մարդկանց բարոյական ու անբարոյական վարքագիծը իրական կյանքում: Ավելի վաղ գիտնականները մարդու բարոյական սկզբունքների ու արարքների մասին իմանում էին միայն հարցումներով ու լաբորատոր փորձերով, հայտնում է Science ամսագիրը:
1200 մեծահասակ ամերիկացիների ու կանադացիների օրական 5 անգամ հարցրել են, թե արդյոք վերջին ժամվա ընթացքում ինչ-որ անբարոյական կամ բարոյական արարք չե՞ն արել, չե՞ն դարձել արդյոք ինչ-որ բանի ականատես կամ չե՞ն լսել ինչ-որ այլ բանի մասին:
Դրական պատասխանի դեպքում հետազոտության մասնակիցներին առաջարկվել է համառոտ նկարագրել իրադարձությունը (հավելվածի միջոցով): Գիտնականները ստացել են 13 240 պատասխան:
Մարդիկ հաճախ պատմել են սեփական արդարացի գործերի և այլոց անբարոյական արարքների մասին:
Այդ փաստը հաստատել է այն ճշմարտությունը, որ լուրերն ու բամբասանքները տարածում են նախ բացասական տեղեկատվությունը:









































