Ռուսաստանը Т-90С հարյուր տանկերի մատակարարումը Ադրբեջան ավարտին կհասցնի 2015 թվականի սկզբին. հավելյալ մատակարարումների մասին խոսք չկա: Այս մասին հայտնել է «Ռոսօբորոնէքսպորտի» գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոևը, ով գլխավորում է ընկերության պատվիրակությունն Ադրբեջանում ADEX-2014 ցուցահանդեսին: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը ITAR-TASS-ին հայտնել էր, որ Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին Т-90С հարյուր տանկերի խմբաքանակի մատակարարումն ընթացիկ տարվա ապրիլին և հնարավոր է նույն ծավալի երկրորդ խմբաքանակի մատակարարում Բաքու:
Տոպոևի խոսքով՝ Մոսկվան 2017 թվականին կավարտի Բաքու սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումը 2010 թվականի համաձայնագրերի փաթեթով:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը դիմել է «Ռոսօբորոնէքսպորտին»՝ երկրի տարածքում ուղղաթիռների և զրահատեխնիկայի վերանորոգման և սպասարկման կենտրոններ ստեղծելու մասին առաջարկների նախապատրաստման խնդրանքով:









































