Երկուշաբթի Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած մի շարք ահաբեկչությունների հետևանքով զոհվել է առնվազն 25, վիրավորվել են տասնյակ մարդիկ:
Ինչպես հաղորդում է France-Presse-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին, ահաբեկչությունների զոհ են դարձել զինծառայողներ, անվտանգության ծառայության ներկայացուցիչներ և խաղաղ բնակիչներ: Մասնավորապես, երկրի հյուսիսում տեղեկայված Մոսուլ քաղաքում տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 12 մարդ: Բաղդադի հյուսիսում գտնվող Ալ-Բուսլաիբի և Բաքուբա բնակավայրերում պայթյունները խլել են առնվազն 4 մարդու կյանք:
Իրաքում լարվածության աճը պայմանավորված է իսլամական երկու խոշոր համայնքների՝ սունիների և շիաների պատմական հակամարտությամբ: 1997 թ. մարդահամարի արդյունքների համաձայն՝ Իրաքի բնակչության 66%-ը կազմում են շիա մուսուլմանները, իսկ 34%-ը՝ սունիները: Սադամ Հուսեյնի կառավարման տարիներին սունիները զբաղեցնում էին առանցքային պաշտոններ երկրի պետական կառույցներում: Սակայն 2003 թ. ԱՄՆ-ի զինված ներխուժումից Իրաքում շիաները զբաղեցնում են մի շարք կարևոր պետական պաշտոններ, այդ թվում՝ երկրի վարչապետի պաշտոնը:









































