Ամիսներ առաջ Բելգիայում սպանության փորձի մեղադրանքով ձերբակալվել և մոտ 5 ամիս կալանքի տակ էր առնվել ընդդիմադիր գործիչ Գրիշա Վիրաբյանը: Նրան մեղադրում էին Բելգիայում գտնվող Արմեն Ալաջանյանին իբրև թե դանակով հարվածելու մեջ:
Դատարանը սակայն պարզեց, որ Վիրաբյանն անմեղ է, և նա ազատ արձակվեց: Տուն վերադառնալուն պես Գրիշա Վիրաբյանը հայտնաբերեց, որ տունը թալանվել է, և մի շարք թանկարժեք իրեր են գողացվել: Կասկածներն ընկան նորից Արմեն Ալաջանյանի վրա, որը նախկինում էլ, Գրիշա Վիրաբյանի մտերիմը ձևանալով, գողացել էր վերջինիս թանկարժեք հեռախոսը:
Գրիշա Վիրաբյանի՝ անազատության մեջ գտնվելու ընթացքում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ոմն Ռադիկ Մարտիրոսյան, որն ակնհայտորեն կեղծ հաշիվ էր, հայհոյանքներ էր հրապարակում Գրիշա Վիրաբյանի հասցեին և հորդորում լրագրողներին, այդ թվում և «Առաջին լրատվական»-ի լրագրողներին, Վիրաբյանի դեմ նյութեր հրապարակել՝ իբր թե վերջինս Բելգիայում հակահայկական քաղաքականություն է վարում:
«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի ոստիկանությունը գործ է հարուցել Արմեն Ալաջանյանի դեմ ինչպես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրված հայհոյանքների, այնպես էլ կատարած մնացած ապօրինությունների համար:
Մեր տեղեկությունը հաստատեց նաև Գրիշա Վիրաբյանը, որն ընդգծեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ Արմեն Ալաջանյանի տանը խուզարկություն են կատարել, վերջինս կասկածվում է ոչ միայն Գրիշա Վիրաբյանի դեմ սուտ մատնություն անելու, այլև վերջինիս տունը թալանելու մեջ:
Իսկ թե ինչու էր Արմեն Ալաջանյանը պնդում, որ իր դեմ մահափորձ է իրականացրել Վիրաբյանը՝ «Առաջին լրատվականը» նախկինում էլ տեղեկացրել էր. Բելգիայում քաղաքական ապաստան ստանալու նպատակով: Իբր թե Ալաջանյանը թունդ ընդդիմադիր է, քաղաքական հալածանքի է ենթարկվում, իսկ Վիրաբյանը համագործակցում է ՀՀ իշխանությունների հետ ու պատվեր է ստացել վերացնել նրան:
Այնինչ, բոլորն էլ տեղյակ են, որ Գրիշա Վիրաբյանն այսօր Բելգիայում է նախկին և ներկա իշխանությունների կողմից հալածվելու պատճառով:









































