Հղիության հետ կապված բարդությունների պատճառով հիվանդանոցում հայտնվելուց հետո առաջին անգամ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հայտնվել է հանրության առջև: BBC-ի մարզական 2012-ի մրցանակաբաշխության ժամանակ նա մրցանակ է հանձնել «Տարվա մարզիկ» անվանակարգի հաղթող՝ Tour de France-ի չեմպիոն Բրեդլի Վիգինսին, որը հեծանվասպորտի քառակի օլիմպիական չեմպիոն է: Ի դեպ, Քեյթը եղել է երեկոյի ամենասպասված հյուրը:
Այդ անվանակարգում հաղթողը որոշվել է 12 հավակնորդներից՝ հանդիսատեսի քվեարկության արդյունքում: Հեռուստառադիոկորպորացիայի կազմակերպած միջոցառումն անցկացվել է Լոնդոնի Excel էքսպո կենտրոնում՝ կիրակի երեկոյան: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Նշենք, որ Քեյթի ձեռքից է մրցանակ ստացել նաև հայտնի անգլիացի թեթևատլետ և 1500 մ վազքի երկակի օլիմպիական չեմպիոն Սեբաստիան Քոուն՝ «սպորտում ցուցաբերած մեծ նվաճման համար»:
Արարողությունն անցկացվում է 1954 թվականից. սկզբում մրցանակը շնորհվում էր միայն մեկ անվանակարգում, իսկ այժմ՝ 8:








































