Հարցազրույց տալով յուրային լրատվամիջոցներից մեկին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը երկու հատկանշական հայտարարություն է արել: Նախ՝ նա Սերժ Սարգսյանին ըստ էության հեռանալու երաշխիքներ է առաջարկել, և բացի այդ էլ, ըստ էության, փորձել է հանրային կարծիքը նախապատրաստել ոչ իշխանական քառյակի հնարավոր տրոհմանը, որում, սակայն, պետք է երևի թե մեկ այլ հետաքրքրական ենթատեքստ արձանագրել: Եվ այսպես, նախ՝ Սերժ Սարգսյանին երաշխիքների մասով:
Ծառուկյանը հայտարարում է, որ չէր ուզի Սերժ Սարգսյանի հետևից նրա այսօրվա ենթակաները խոսեին, ինչպես խոսում են առաջին կամ երկրորդ նախագահների հետևից, ինչը Ծառուկյանի համար ևս անընդունելի է: Սա անուղղակիորեն երաշխիքային առաջարկ է Սերժ Սարգսյանին, սակայն պարզ չէ, թե ում անունից հնչող և ինչի արդյունքում ձևավորված:
Ծառուկյանը հայտարարում է, որ հանդիպում է և առաջին, և երկրորդ նախագահների հետ, նաև շատ այլ գործիչների ու անհատների: Նա հաճախակի հանդիպում է նաև խնամու՝ Հովիկ Աբրահամյանի հետ: Երկու օր առաջ տեղի ունեցավ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան հանդիպումը, մի քանի օր առաջ Ծառուկյանը քոչարյանական ժամանակներն էր գովազդում: Այս ամենի արդյունքում, ըստ էության, հարց է առաջանում, թե իր զրուցակիցներից որ մեկի հետ հանդիպման արդյունք են Սերժ Սարգսյանին ակնարկվող երաշխիքները: Մյուս մեսիջը՝ քառյակի մասով, ըստ էության ունի երկու ենթատեքստ, կամ ուրվագծվում է երկու ենթատեքստ: Նախ Ծառուկյանը փորձում է ապահովագրվել քառյակի ֆորմատի կորստից՝ հայտարարելով, որ ողբերգություն չէ և ԲՀԿ-ն երկկողմ ֆորմատներով կաշխատի: Ի դեպ, այս առումով հարց է առաջանում, թե արդյո՞ք սրա մեջ մտնում է նաև ՀՀԿ-ի հետ երկկողմ ֆորմատը, այսինքն՝ Ծառուկյանը գուցե թե հայտնում է իր քառյակի գործընկերներին, որ եթե ըմբոստանան ԲՀԿ-ի դեմ, ապա ԲՀԿ-ն ի զորու է իր հարցերը լուծել ՀՀԿ-ի հետ, իսկ ահա նրանք կարող են մնալ «բորդյուրին»: Եվ այս ակնարկը կարող է հետաքրքրական դիտվել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո: Չի բացառվում, որ ՀԱԿԿ-ի նախագահը իր դժգոհությունը կամ մտահոգություններն է հայտնել ԲՀԿ-ի պահվածքի վերաբերյալ, որոնց կապակցությամբ արտահայտվել էր նրբորեն նաև իր վերջին հարցազրույցներից մեկում:
Ըստ որում, Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը զուգահեռ ՀԱԿԿ-ի ներկայացուցիչներից մեկը ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պետք է Ծառուկյանին շանս տալ, եթե ոչ, ապա քաղաքական աղբանոցը կա ու կա: Ըստ որում, շատ հետաքրքրական է բառապաշարի ընտրությունը, որը հազիվ թե տեղի ունենար առանց Տեր-Պետրոսյանի հետ համաձայնեցման, որն, ինչպես հայտնի է, անգամ Ադրբեջանի հասցեին կոշտություն խորհուրդ չի տալիս, ուր մնաց նման ձևով արտահայտվեր իր քաղաքական թիվ մեկ գործընկերոջ հասցեին, այն էլ նրա հետ հանդիպմանը զուգահեռ: Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, Տեր-Պետրոսյանը բարձրացրել է Ռոբերտ Քոչարյանի հետ ԲՀԿ-ի հարաբերությունների և նրա գովազդի վերաբերյալ հարցեր՝ ներկայացնելով իր դժգոհություններն ու մտահոգությունները, ինչին ի պատասխան էլ՝ Գագիկ Ծառուկյանը հարցազրույցում հայտարարում է, որ քառյակով ԲՀԿ-ն բոլորովին կաշկանդված չէ, և ողբերգություն չի լինի դրա քանդվելը: Իր հերթին բացառել պետք չէ նաև այն, որ ակնարկը ՀՅԴ-ին էր ուղղված, որը սահմանադրական փոփոխությունների հարցում այլ տեսակետ ունի քառյակից և չի բացառվում, որ այս հողի վրա էլ տեղի ունենա տրոհում:











































