Լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» խմբավորումը կարծում է, որ դեռ վաղ է Սիրիայում ընդդիմության հաղթանակի մասին խոսելը: Կազմակերպության ղեկավար Հասան Նասրալլան հայտարարել է, որ ապստամբները չեն կարող ավելի քան 2 տարի ձգվող զինված հակամարտությունից որպես հաղթող դուրս գալ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Իրադրությունը Սիրիայում ավելի է բարդանում, սակայն նրանք, ովքեր կարծում են, թե զինված ընդդիմությունը կարող է կարգավորել այն, շատ են սխալվում»,- ասել է Նասրալլան:
«Հըզբոլլահը» աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը: Սիրիացի ապստամբները մեղադրել են կազմակերպությանը այն բանում, որ այն շիա մարտիկների խումբ է ուղարկել Սիրիայի նախագահի ռեժիմին զինվորական աջակցություն ցուցաբերելու համար, սակայն պաշտոնական «Հըզբոլլահը» հերքում է այդ մեղադրանքները:
Հիշեցնենք, որ երեկ հայտարարվել է այն մասին, որ սիրիացի ընդդիմադիրները «կառավարական մարմին» են ստեղծել, որը ընդդիմության հաղթանակի դեպքում կղեկավարի երկիրը: Ստվերային կառավարության պլանների մեջ է մտնում պաշտոնյաների հետ կապի հաստատումը, որպեսզի պետապարատը հնարավորինս պահպանվի:











































