Իշխանությունները շարունակում են մերժել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու ընդդիմության առաջարկները: Եվ սա այն դեպքում, երբ վերջին շրջանում նույն իշխանական գործիչներն էին հայտարարում, թե ընդդիմության հետ երկխոսելու հնարավորություն կա:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, մեկնաբանելով այդ փաստը, արդարացավ, թե իշխանությունները երբեք էլ չեն մերժել ընդդիմությանը: Ըստ նրա` ընդհակառակը, ընդդիմությանն առաջարկվել է հանրահավաք անցկացնել Մատենադարանին հարող տարածքում, քանի որ Ազատության հրապարակում այլ միջոցառումներ են նախատեսված:
Մեր դիտարկմանը, թե այդ միջոցառումներն Ազատության հրապարակում չեն կայանում, Զաքարյանն ասաց. «Իսկ ով ասաց, որ տեղի չեն ունեցել այդ միջոցառումները: 10-հոգանոց միջոցառումը, 20-հոգանոց միջոցառումը չի նշանակում, որ դրանք հանրային միջոցառումներ չեն և ավելի կարևոր չեն, քան 1000 հոգու գոռալը»:
Ըստ նրա` ԱԺ-ն քննարկում է «Հավաքների ազատության մասին» օրենքը, որը կտարանջատի Սահմանադրությամբ մարդկանց տրված խաղաղ հանրահավաքներ, երթեր և ցույցեր անելու իրավունքը և մշակութային, սպորտային միջոցառումները»: