Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դիմել է «Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ին` խնդրելով իրականացնել ակտիվների մի մասի վաճառք` երկրի տնտեսությանն օգնելու նպատակով:
Կորպուսն Իրանի ամենահարուստ կառույցներից մեկն է և տիրապետում է խոշոր հողատարածքների ու անշարժ գույքի: Այն խոշորագույն ներդրող է՝ ծովային փոխադրումների, կապի, նավթի ու գազի արդյունաբերության ոլորտում:
Փորձագետները պնդում են, որ նախագահի նման խնդրանքը վկայում է երկրի տնտեսական և ֆինանսական ճգնաժամի մասին, որը իրանական միջուկային ծրագրերի պատճառով կիրառվող միջազգային պատժամիջոցների արդյունք է:
Շատ իրանցիներ Ահմադինեժադին մեղադրում են երկրի ֆինանսական միջոցների ոչ ճիշտ կառավարման մեջ, որի արդյունքում էլ ազգային դրամը դոլարի հետ հարաբերակցությունում գրանցել է աննախադեպ անկում:











































