Եգիպտոսը չի ծրագրել Սինայի թերակղզում իր հողերի մի մասը հատկացնել Պաղեստինի տարածքի ընդլայնման համար: ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ այսօր այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին:
Նա հերքել է ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, որ Կահիրեն պատրաստ է պաղեստինցիներին տրամադրել իր հողերի մի մասը: «Այդպիսի բաների մասին նույնիսկ խոսելն է անտեղի,- ասել է նա:- Ոչ ոք իրավունք չունի տնօրինելու ազգի սուրբ հողը, հանուն որի սեփական արյունն ու հոգին են զոհաբերել այդ ժողովրդի զավակները»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ իսրայելական «Գալեյ ՑԱԽԱԼ» ռադիոկայանը հաղորդել էր, որ Եգիպտոսի նախագահը Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին առաջարկել է ծրագիր, ըստ որի՝ Եգիպտոսը Գազայի հատվածին 1600 քկմ տարածք կհատկացնի, ինչն անկլավի տարածքը կընդլայնի 5 անգամ:










































