Չնայած Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հնչեցված ամպագոռգոռ հայտարարություններին՝ դաշինքը չի կարողանա լուծել ո՛չ ուկրաինական ճգնաժամը, ո՛չ արագորեն հաղթել «Իսլամական պետության» գրոհայիններին Իրաքում և Սիրիայում: Պատճառը դիրքորոշումների անհամաձայնություններն են՝ գրում է Reuters-ը:
Մի շարք հարցերում ՆԱՏՕ-ի անդամ երկրները, ինչպես նախկինում, չեն կարողանում համաձայնության գալ: Դա վերաբերում է ոչ միայն ռազմավարական, այլև մարտավարական խնդիրներին:
Այսպես, գագաթնաժողովին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են արագ արձագանքման ուժերի ստեղծման շուրջ, բայց նույնիսկ այդ հարցում դաշինքի մի շարք անդամներ քաղաքական առարկություններ ունեն՝ նշում է Reuters-ը:
«Ինչ-որ իմաստով մենք (ՆԱՏՕ-ն- Reuters-ի խմբ.) լուծում ենք գոյություն չունեցող խնդիրներ, քանի որ չենք կարող լուծել գոյություն ունեցողները»,- գործակալությունը մեջբերում է արևմտյան ռազմական պաշտոնյաներից մեկի խոսքը, որը ցանկացել է անհայտ մնալ:
Համաձայնության գալու հետ կապված խնդիրների ՆԱՏՕ-ն կարող է բախվել արդեն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ գործողության անցկացման ժամանակ, որին առաջնային ուշադրություն է հատկացվում՝ չնայած ուկրաինական չհարթված ճգնաժամին՝ նշում է Reuters-ը: Դաշինքի մի քանի անդամ երկրների ղեկավարներ նշում են, որ Վաշինգտոնը պետք է ավելի շատ ուշադրություն հատկացնի Մերձավոր Արևելքում ուժերի քաղաքական դասավորվածությանը, ոչ թե ռազմական:
Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, շատ փորձագետներ կարծում են, որ ՆԱՏՕ-ն արդեն ոչինչ չի կարողանա անել Ռուսաստանին Ղրիմի բռնակցման հարցում:









































