ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ սխալ է վարվել, երբ գոլֆ է խաղացել անմիջապես ելույթից հետո, որով դատապարտել է ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատիժն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից:
Օգոստոսի 20-ին Օբաման, ով արձակուրդն էր անցկացնում Մասաչուսեթս նահանգի Մարտաս-Վինյարդ կղզում, հատուկ հայտարարություն էր արել՝ կապված Ֆոուլիի մահվան հետ, և մի քանի րոպե անց եղել գոլֆ-ակումբում, ինչի համար քննադատության էր ենթարկվել ԶԼՄ-ների կողմից:
Ֆոուլին, ով լուսաբանում էր հակամարտությունները Լիբիայում և Սիրիայում, անհետացել էր 2012-ի նոյեմբերի 22-ին: Օգոստոսի 19-ին գրոհայինները համացանցում հրապարակել էին նրա մահապատժի տեսագրությունը: Լրագրողի նկատմամբ հաշվեհարդարը գրոհայիններն անվանել էին վրեժ ԱՄՆ-ին՝ Իրաքում խմբավորման դիրքերին ամերիկյան ավիահարվածների դիմաց:








































