Այսօր մարզահամերգային Համալիր տանող ճանապարհներին էին կուտակվել հանրապետության գրեթե ողջ թանկարժեք մեքենաները` ջիպերը, բրաբուսները և այլն: Համալիրում ընթանում էր ՀՀԿ համագումարը: Առավոտից այստեղ էին հավաքվում բարձրաստիճան պաշտոնյաները, օլիգարխիան ու մեծահարուստները, ՀՀԿ պատգամավորները, նաև` շարքային ՀՀԿ-ականներ, որոնց հիմնական առաքելությունը ընտրությունից ընտրություն ՀՀԿ համար ձայներ ապահովելն է:
Նրանց առաջ էլ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ` հայտարարելով` առաջ, դեպի ապահով Հայաստան: Ներկաների համար ապահով Հայաստանը Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանն է, ուստի ելույթն արժանացավ ջերմ ծափողջույնների:
Մինչ համագումարի սկիզբը Համալիր եկող ՀՀԿ-ականների հանդիպումը ընթանում էր հայավարի համբույրներով: Հիմնականում ՀՀԿ-ականներն իրար համբուրելով էին բարևում: Այս առթիվ ամենածանրը ՀՀԿ կազմակերպչական բաժնի ղեկավար Ռուբեն Թադևոսյանի վիճակն էր, ով դիմավորում էր բոլորին: ՀՀԿ համագումարին մասնակցում էր նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով համարյա ՀՀԿ-ական է: ՀՀԿ համագումարին մասնակցում էր նաև ՀՀԿ-ացած գեներալ Մանվել Գրիգորյանը: Մասնակցում էր նաև ՎՊ «անկուսակցական » նախագահ Իշխան Զաքարյանը:
Իսկ Սերժ Սարգսյանին դիմավորելու համար ՀՀԿ-ականները` Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ շարք կազմեցին համալիրի առաջ ու նրան ողջունելով` շարժվեցին առաջ: Ի դեպ, ֆոտոխցիկը ֆիքսել է, որ համագումարում Սերժ Սարգսյանի թեկնածության հարցի քվեարկության ժամանակ Սերժ Սարգսյանը ևս ձեռք է բարձրացրել:







































