Եգիպտոսում նոր Սահմանադրության սկսված հանրաքվեի անցկացման ընթացքում երկրի բանակի ուղղաթիռները ներգրավված են ընտրատեղամասերում անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով եգիպտական զինված ուժերի շտաբին:
Ռազմական ուղղաթիռներ են ուղարկվել բոլոր 10 նահանգներ, որտեղ տեղի է ունենում Եգիպտոսի հիմնական օրենքի քվեարկության առաջին փուլը: Նրանց պարտականությունն է հետևել իրավիճակին ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ պետական ու կառավարական հաստատությունների մոտ:
Հանրաքվեի առաջին փուլում, ընդհանուր առմամբ, երկրում կայունության ամրապնդման օպերացիային ներգրավված է եգիպտական բանակի շուրջ 120 հազար սպա ու զինվորական, իսկ նրանց տրամադրության տակ գտնվում է 6 հազար միավոր մարտական տեխնիկա` ներառյալ տանկեր, ԲՄՊ-ներ ու զրահապատ տրանսպորտային միջոցներ:
Նոր Սահմանադրության քվեարկությանը կկարողանա մասնակցել 18 տարեկանից բարձր ավելի քան 51 մլն քաղաքացի:
Քվեարկության առաջին օրը կկարողանա մասնակցել գրեթե 26 մլն եգիպտացի 10 նահանգներում, այդ թվում՝ երկրի խոշորագույն քաղաքներում՝ Կահիրեում ու Ալեքսանդրիայում:








































