Անցած երկուշաբթի օրը Բոննի կայարանում հայտնաբերված ռումբը չի պայթել թերության պատճառով, փոխանցում է ITAR-TASS-ը: Ոստիկանությունն առայժմ չի հաստատում այս տեղեկությունը, սակայն հայտնում է, որ հետաքննության արդյունքները դեռ չեն ստացվել:
Որոշ ԶԼՄ-ների տեղեկացմամբ` պայթյուն չի որոտացել միայն այն պատճառով, որ ռումբի պատրաստման ժամանակ սխալներ են թույլ տրվել: Ոչ պաշտոնական տեղեկություններով` ռումբը կարող էր լինել մոտավորապես նույնպիսի հզորության, ինչպիսին եղել է 2004-ի մարտին Մադրիդում իրագործված ահաբեկչությունների ժամանակ, երբ գնացքներում մի շարք պայթյունների հետևանքով մոտ 200 մարդ զոհվեց, ավելի քան 2000 հոգի տարբեր վնասվածքներ ստացավ:
Բոննի կայարանում գտնվողները տարհանվել են այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը նկատել է պայուսակ` դրանից դուրս երևացող հաղորդալարերով: Սակրավորները պայուսակի վրա կրակել են ջրային փամփուշտներով, ռումբը չի պայթել: Ոստիկանությունը փնտրում է երկու կասկածյալների, որոնց նկարահանել են տեսահսկող սարքերը:











































