Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիան չի մասնակցի հաջորդ տարի Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին, որը լինելու է թվով 58-րդը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի հասարակական հեռուստատեսությունը` TRT-ն:
Վերջինիս տարածած հայտարարության մեջ որպես «Եվրատեսիլ – 2013»-ից հրաժարվելու պատճառ նշված է, որ Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) հատուկ վերաբերմունք է ցուցաբերում որոշ մասնակից երկրների հանդեպ: Խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի ու Իսպանիայի մասին է, որոնք վերջին տարիներին անհաջող են հանդես գալիս «Եվրատեսիլ»-ում.
«Հենց այդ անհաջող ելույթների պատճառով նախորդ մրցույթի ժամանակ 50 տոկոսով նվազել են հեռուստադիտողների քվեները: Այդ երկրները չեն մասնակցում կիսաեզրափակիչներին և միանգամից հայտնվում են եզրափակիչ փուլում: Դա անարդարացի է. 2000-ական թվականներից Թուրքիայի ներկայացուցիչները հաջող ելույթներ են ունենում «Եվրատեսիլ»-ում:
Կա տեղեկատվություն, որ մի շարք երկրներ տնտեսական պատճառներով չեն մասնակցելու «Եվրատեսիլ-2013»-ին: Մրցույթին մասնակցելու որոշումը կախված է տվյալ երկրում մրցույթի հեռարձակմամբ զբաղվող կառույցից: TRT-ում որոշել են չմասնակցել «Եվրատեսիլ-2013»-ին: Մենք նաև կդիտարկենք «Եվրատեսիլ»-ի հետագա մրցույթներին մասնակցելու նպատակահարմարության հարցը»:







































