Շաբաթ օրն առավոտյան Եգիպտոսում բացվել են նոր Սահմանադրության հանրաքվեի անցկացման ընտրատեղամասերը` հաղորդում է Associated Prees-ը:
Երկրի Հիմնական նոր օրենքի հանրաքվեն անցկացվելու է երկու փուլով` դեկտեմբերի 15-ին և 22-ին:
Քվեարկությանը կարող են մասնակցել 18 տարին լրացած և ձայնի իրավունք ունեցող ավելի քան 51 միլիոն քաղաքացիներ: Բացի այդ` հանրաքվեին մասնակցելու հնարավորություն ունեն արտասահմանում բնակվող ավելի քան 1.5 միլիոն եգիպտացիներ:
Հանրաքվեի առաջին օրը քվեարկությանը կարող է մասնակցել տասը մարզերի շուրջ 26 միլիոն եգիպտացի, այդ թվում` երկրի երկու խոշոր քաղաքների` Կահիրեի և Ալեքսանդրիայի բնակիչները:
Քվեարկության ընթացքին հետևելու են մոտ 7000 դատավորներ և դատախազության աշխատակիցներ: Քվեարկության նախնական արդյունքները կհայտարարվեն հանձնաժողովների կողմից ձայները հաշվելուց հետո: Սակայն հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն միայն երկրորդ փուլի ավարտից հետո:











































