Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, որի անունը հայությանն առավելապես հայտնի է որպես Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հեղինակ, նույնաբովանդակ մեկ այլ նախաձեռնությամբ է հանդես եկել Ազգային ժողովում:
Բուայեն դեկտեմբերի 13-ի մամլո հաղորդագրությամբ ասել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2001թ. հունվարի 29-ի ֆրանսիական օրենքը պաշտպանելու համար երեք գրություն է ներկայացրել խորհրդարան:
Առաջինը պատժելիության օրինագծի առաջին տարբերակն է` այնպես, ինչպես ներկայացված էր 2011 հոկտեմբերի 18-ին:
Երկրորդը այն օրինագիծն է, որ նախատեսում է պատիժ ցեղասպանությունները ժխտելու դեպքում: Այն ընդունվեց 2012թ. հունվարի 23-ին և 2012-ի փետրվարի 28-ին մերժվեց Սահմանադրական խորհրդի կողմից:
Իսկ երրորդը դիմում է` մշակված փաստաբան Ֆիլիպ Գրիգորյանի հետ: Այս նախաձեռնությունը երկու նպատակ է հետապնդում. նախ` Սահմանադրական խորհրդի մերժման որոշման ամբողջական լուսաբանում, ապա նաև պահանջ` ուղղված հետաքննության հանձնախմբին` հետազոտելու 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 2001-ի հունվարի 29-ի ֆրանսիական թիվ 2001-70 օրենքը ոչ չափանիշային (normativité) համարող՝ Սահմանադրական խորհրդի բացասական դիրքորոշման պատճառները:









































