Սպասվում է, որ Հայ ազգային կոնգրեսը այսօր հանդես կգա հայտարարությամբ, որում դիրքորոշում կհայտնի ԲՀԿ-ի հայտնի որոշման կապակցությամբ: Բայց Կոնգրեսի խոսնակն արդեն իսկ հանրությանը ակնարկել է, թե մոտավորապես ինչ բովանդակություն է ունենալու ՀԱԿ-ի դիրքորոշումը: Խոսնակը հայտարարել է, որ ԲՀԿ-ն փաստորեն չսատարեց Սերժ Սարգսյանին և չեղյալ համարվեց հայտնի կոալիցիոն հուշագիրը:
Հասկանալի է, որ ԲՀԿ-ի որոշումից ըստ էության փաստի առաջ կանգնած ու իրեն դավաճանված զգացող ՀԱԿ-ը փորձելու է ամեն կերպ արդարացնել սեփական դիրքորոշումը՝ քաղաքագիտական կուրսի իմաստով, որը փաստորեն սխալ դուրս եկավ, և դուրս գալ իրականության դեմ ու պնդել հակառակը: Թե որքանով սա կարող է արդյունավետ զբաղմունք լինել ընդդիմադիր ուժի համար` այլ հարց է: Սակայն հանրության համար սա կարող է լինել մոլորության հերթական չափաբաժինը: Իսկ մոլորությունն այստեղ այն է, որ ՀԱԿ-ն իրեն է վերագրում մի բան, որը, ըստ էության, սկսվել է դեռևս մինչև Հայ ազգային կոնգրեսի ստեղծումն անգամ:
ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի դիմակայությունը սկսվել է ԲՀԿ-ի ստեղծումից ի վեր, այսինքն` 2006-07 թվականներից: Այդ հակասությունն իր հիմքում որևէ կապ չունի ՀԱԿ-ի, առավել ևս` նրա քաղաքագիտական կուրսի հետ: Ավելին` ՀԱԿ-ը 2011 թվականի վերջին նույնիսկ փորձում էր թույլ չտալ նման հակասություն` հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով ձգտում է ռևանշի: Եվ էլ ավելին՝ ներիշխանական հակասության, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Գագիկ Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի հակասության մասին որևէ վերլուծություն կամ մեկնաբանություն, մինչև հայտնի քաղաքագիտական «թեզը», ՀԱԿ-ը ամենաբարձր մակարդակով մատուցում էր որպես ռեժիմի խորամանկություն և դրան սպասարկելու փորձ` ներիշխանական հակասությունների միջոցով հասարակությանը շեղելու համար:
Այսինքն` մինչև Տեր-Պետրոսյանի խոսքը` ներիշխանական հակասությունների մասին որևէ մեկի խոսքը դիտվում էր միասնական ռեժիմի պատվեր, իսկ Տեր-Պետրոսյանից հետո պատվեր սկսեց դիտվել ռեժիմի անքակտելի մասերից մեկը հանդիսացող կառույցի՝ ԲՀԿ-ի դեմ որևէ խոսք, բնականաբար` նաև ՀԱԿ-ի քաղաքագիտական կուրսի որևէ ընդդիմախոսություն:
Այս ամենը վկայում է, որ ՀԱԿ-ն իրականում ընդամենը արդարացումներ է որոնում` խճճված լինելով անհատապաշտության և սխալ հաշվարկների ցանցում: Այդ հաշվարկները սխալ էին հենց ինքնին և ի սկզբանե, քանի որ դրանք կառուցված են ոչ թե հասարակության, այլ իշխող ռեժիմի այս կամ այն հատվածի հետ համագործակցելու ելակետի վրա: Դրանով ՀԱԿ-ը, կամա, թե ակամա, սկսեց ծառայել իշխող ռեժիմին և ոչ թե խաղաց ներիշխանական հակասությունների վրա, այլ պարզապես դարձավ դրանց կողմերից մեկը:
Եվ այսօր ՀԱԿ-ը փաստորեն հայտնվել է ոչ մի կողմում, այսինքն` ՀԱԿ-ից հրաժարվել են և ԲՀԿ-ն, և ՀՀԿ-ն: Սա ՀԱԿ ներկայիս ղեկավարության քաղաքականության լիակատար տապալումն է: Ինչպես հանրապետության ղեկավարությունը կառավարումն է տապալել լիովին` պետությունը հասցնելով լրջագույն վտանգների շեմի, այնպես էլ ՀԱԿ-ի առաջնորդներն են տապալել ընդդիմադիր ամենամեծ կառույցի քաղաքականությունը` փոշիացնելով այն ռեսուրսները, որ կային ՀԱԿ-ի տրամադրության տակ մի քանի տարի առաջ:
Սակայն այս ամենն ինքնին, իհարկե, կարող էր ճակատագրական չլինել: Վերջիվերջո սխալվում են բոլորը: Բայց բանն այն է, որ ոչ բոլորն են ունակ ընդունելու սխալները, ինչն էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ կամ այդ սխալները եղել են գիտակցված և նպատակային, կամ պարզապես դրանք գործող անձինք բացարձակապես ադեկվատ չեն առկա մարտահրավերներին և պետք է հեռանան ասպարեզից կամ անցնեն երկրորդ պլան, քանի որ ոչ ադեկվատությամբ սկսել են դառնալ հասարակական պայքարի վերակազմակերպման խոչընդոտներ:






































